ԳլխավորԼուր

Վրաերթի զոհ է դարձել Սոսի Խանիկյանը

Սոսի Խանիկյան

Երևանի Բաղրամյան պողոտայում մարտի 1-ի երեկոյան վրաերթի հետևանքով մահացել է 35-ամյա լրագրող, սցենարիստ, մի շարք հիթերի հեղինակ Սոսի Խանիկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սոսին սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, աշխատել ու թղթակցել տարբեր լրատվամիջոցներում։ Տարիներ շարունակ Սոսին համագործակցում էր Հանրային հեռուստաընկերության հետ որպես հաղորդաշարերի, հեռուստաֆիլմերի սցենարիստ ու խմբագիր։

Նա Երևանին նվիրված «Քաղաքը» ֆիլմաշարի հեղինակն ու սցենարիստն էր, նաև 2019 թվականին նկարահանված «Վարդապետը» 4-մասանի վավերագրական ֆիլմի սցենարիստն ու խմբագիրը։ Ֆիլմը նվիրված էր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին ։

Սոսին նաև մի շարք երգերի խոսքերի հեղինակն է, այդ թվում`  Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի։ Պատերազմի օրերին այն  դարձավ արցախյան պայքարի խորհրդանիշը, իսկ այս օրերին այն կարելի է լսել Բաղրամյան պողոտայում՝ Հայրենիքի փրկության շարժման բեմից։ Սոսիի մահվան օրը ևս Խանաղյանի երգը հնչում էր Բաղրամյանում։

Սոսին ինքն էլ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ուներ, նա ևս պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մտերիմների խոսքով՝ վրաերթի օրն էլ նա Բաղրամյանի պողոտային հանրահավաքից տուն էր վերադառնում։

Վրաերթը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ երեկոյան 20։20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում։ 31-ամյա Տ. Բոշյանն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել աղջկան։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է։

Նա ամուսնացած չէր։

Comment here