ԳլխավորԼուր

Պետական մարմինները պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա. ՄԻՊ

2021 թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ: Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում:

«Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին:

Ու առհասարակ` թեմայով հատուկ արձանագրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից. պետական մարմինները, հատկապես ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն չունենա զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը մոլորեցնելու և վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը խորացնող արատավոր պահվածքից:

Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական մարմինների` հանրության հետ հաղորդակցվելու անհեռատես քաղաքականությունը արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը պաշտոնյաների արարքների նկատմամբ»,-նշել է Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում ադրբեջանցիները հարձակվում են հայկական զինվորական համազգեստով մարդկանց վրա, հայհոյում ու հարվածում են նրանց։

Սոցիալական դաշտում ու մեդիատիրույթում կարծիքներ հնչեցին, որ դա անցած տարվա հոկտեմբերի տեսանյութ է ու պետք չէ ավելի սրել իրավիճակը։ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ուսումնասիրվում է տեսանյութը՝ դեպքի տեղն ու ժամանակը որոշելու համար։ Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարեց, որ տեսանյութի դեպքերը տեղի են ունեցել 2021-ի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Հավելենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինծառայողները մի քանի կմ խորացել են ՀՀ Սյունիքի ու Գեղարքունիքի ինքնիշխան տարածքում։ Մինչ մայիսի 17-ը նրանց հետ բանակցություններ էին վարվում, որոնք պետք է շարունակվեին մայիսի 19-ին՝ ժամը 14-ին։ Սակայն ՊՆ-ն տեղեկություն տարածեց, որ ադրբեջանցիները չեն ներկայացել։

Comment here