Հունիսի 16-ին Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ Պետքարտուղարի փոխտեղակալը հետաքրքրվել է Պաշտպանի առաջնահերթություններից։
Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքի հիմնական ուղղությունները, տիկին Օլսոնի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղում ապրող անձանց իրավունքների վիճակի մասին իր ունեցած տեղեկություններով, ի թիվս այլնի ներկայացնելով արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության չդադարող դրսևորումները։
«Արցախում անձանց կյանքի, անվտանգ միջավայրի, կրթության, առողջության պահպանման, սեփականության և այլ իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվում են», -նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նաև հետաքրքրվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքից։
Մարդու իրավունքների պաշտպանության այլ հարցերի թվում Քրիստինե Գրիգորյանը կարևորել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ունենալու, ինչպես նաև ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։