ԳլխավորՄի կտոր գիրք

Հովիկ Աֆյան. «Խոզի տարի» (հատվածներ)

«Խոզի տարի», Հովիկ Աֆյան

Ապրիլի 18-ին, ժամը 19։00-ին, «Զանգակ» գրատանը (Երևան, Աբովյան 7) տեղի կունենա Հովիկ Աֆյանի «Խոզի տարի» վեպի շնորհանդեսը։

Ներկայացնում ենք հատվածներ վեպից։

***

Շենքում բոլորը հղի էին: Չնայած Սովետական Միությունում սեքս չկար, բայց կյանքի պլանավորում կար ու շենքում բոլոր կանայք կա՛մ երեխայի էին սպասում, որ նվաճի տիեզերքը՝ ջութակով կամ ֆիզիկայով, կամ էլ դրսից ապրանք բերող սպեկուլյանտին էին սպասում, որ նվաճեն մոխրագույն քաղաքն իրենց գույնզգույն շորերով: Իսկ տղամարդիկ հղի էին բացառապես գաղափարներով, կոմունիզմն ամրապնդող անշուշտ:

Իսկ կոմունիզմն օրի օրի էր ամրապնդվում, քաղաքում վեր խոյացող շենքերի՝ սեյսմակայուն հիմքերի հետ: Իմիջիայլոց, որքան հզորանում էր Սովետական երկիրը, և որքան ճաք էին տալիս հին գերդաստանների մեծ տների պատերը, այնքան ավելի շատ էին վեր խոյանում նորակառույց շենքերը, որպեսզի սովետական քաղաքացին հանկարծ անտուն չմնա: Փողոցներն իրար նման էին, մեքենաներն իրար նման էին, շենքերն իրար նման էին, բակերն իրար նման էին, պատուհաններից կախված լվացքներն իրար նման էին, շորերն իրար նման էին, նույնիսկ մարդիկ իրար նման էին՝ անգամ դարդուցավով ու երջանկությունը թաքցնելու դաստիարակությամբ: Մարդիկ ամեն առավոտ նույն ժամին դուրս էին գալիս իրենց շքամուտքներից ու շարքով գնում գործի: Ամեն երեկո դուրս էին գալիս պետական գործարաններից ու շարքով գալիս տուն: Շարքով, բայց ոչ մտահոգ: Ուրախ-զվարթ, կատակելով, ժպտալով: Մտահոգությունն արգելված էր Սովետական միության բոլոր քաղաքներում, ավաններում, գյուղերում, կոլխոզներում, նույնիսկ որոշ գոմերում: Սովետական մարդն իրավունք չուներ մտահոգվելու, մտածելու՝ որքան ուզեր, եթե միայն այդ մտքերը բացառապես կոմունիզմն ամրապնդելու ու աշխարհի բոլոր պրոտելարներին վերջապես ու վերջնական միավորելու առաքելություն ունեին:

Ու ծաղկում էր երկիրը՝ բարձր սարալանջին աճող՝ սևը թաքցրած, կարմիրը ցույց տվող կակաչների դաշտի պես: Մարդն առավոտյան արդեն գիտեր օրվա որ ժամին ինչ է անելու, ծնվելիս արդեն որոշված էր՝ ինչ է դառնալու, ուր է հասնելու, ինչու է անելու, ում հետ է անելու, քանի երեխա է ունենալու, անուններն ինչ է դնելու, նրանք ուր են հասնելու: Չնայած փետրվարյան մառախուղին՝ Սովետական երկրում ամեն բան պարզ երևում էր, բացի Սվետի եփած տոլպայից: Սվետն Արմենի կինն էր, Հայկազի ու Նունիկի հարսը, որ չնայած սովետական սահմանադրության համաձայն՝ եկեղեցում հնազանդության երդում չէր տվել, բայց ամբողջ շենքի տպավորությամբ, նույնիսկ եզրակացությամբ՝ հլու հնազանդ կին էր. «Մոլոդեց Արմենին»:

Իսկ Սվետի տոլման հատուկ առիթով էր: Երևանը վերջապես բացել էր իր օդային երկրորդ դարպասը՝ «Էրեբունի» օդանավակայանը, որը «Գարուն» ամսագիրն անվանել էր՝ «Հայկական ճարտարապետության զուսպ մոնումենտալիզմ՝ ձևի ու բովանդակության խելամիտ լուծումներով», և որի կառուցման գործում անուրանալի վաստակ ուներ ինժեներ Արմեն Հայկազովիչը, ով այդ օրն առավոտյան աշխատանքի գնալիս՝ կնոջը հանձնարարեց տոլմա եփել, նույնիսկ հատուկ շեշտեց. «Վաղուց չենք կերել»:

Արդեն բլթբլթում էր տոլման, երբ պատուհանից երևացող մոխրագույնի մեջ Սվետը նկատեց անկոչ հյուրին: Սեդան էր գալիս, որ Հուսիկին բերում էր եղբոր տուն, որ կարողանա դպրոց գնալ՝ աշխատանքի օրերին: Սվետն էլ սիրով պահում էր մինչև Սեդայի հետ գալը, իր որդու հետ, հատկապես որ հրաշալի գիտեր, եթե Սեդան չաշխատի, իր ամուսինը ստիպված կլինի պահել քրոջը: Բայց այդ օրը… Տոլման: Սվետն արագ անջատեց սովետական անմար գազը, բացեց պատուհանը՝ թողնելով, որ փետրվարյան ցուրտ քամին ներս գա, ու տոլմայի կաթսան դրեց խոհանոցի կահույքի ամենավերևը: «Հազիվ մեզ հերիքի»,-չասաց, բայց մտածեց:

Սեդան իհարկե զգաց եղբոր տանը տարածված ու փետրվարյան սառը քամուց ուժեղ տոլմայի հոտը ու իհարկե ոչինչ չասաց: Սեդան սովետական ուսուցչուհի էր, ու իր աշակերտներին սովորեցնում էր՝ ոչինչ չասել, հատկապես այն, ինչն ուզում ես:

***

Իսկ դպրոցում աշակերտները պետք է դիրեկցիայի կողմից շարադրություն գրեին: Հենց դասարանում: Դիրեկցիան նույնիսկ վերնագիրն էր ասել՝ թույլ չտալով, որ երեխաներն ավելորդ չարչարվեին. «Մեր աշխարհի գույնը»: Ընդ որում, երբ դիրեկցիայի ներկայացուցիչը բոլոր դասարաններ էր ուղարկել գրավոր հանձնարարությունը, աշակերտները տեսել էին, որ շարադրության վերնագիրը կարմիր գրիչով էր գրված:

Սեդան 6-րդ դասարանցիների հետ էր աշխատում: Ամենաշատն ասում էր «Խելոք մնա» ու կապ չունի երեխան իսկապես չարություն էր անում, թե ուղղակի բարձր էր ծիծաղում դասի ժամին: Մի անգամ նույնիսկ տասներկուամյա Համլետը, որի մայրը Շեքսպիրի մեծ սիրահար էր, հենց տեղից ասաց.

-Ընկե՛ր Սեդա, տանը մաման ա ասում՝ խելոք մնա, դպրոցում՝ դուք, բա մենք որտե՞ղ չարություն անենք:

Սեդան պատժեց տղային՝ տեղից չխոսելու սրբազան օրենքը խախտելու համար:

Դպրոցի դիրեկտորն անձամբ էր եկել Սեդայի դասարան՝ հետևելու շարադրությունը գրելու՝ հավանաբար պետական նշանակություն ունեցող ընթացքին: Հանդիսավորությամբ նստել էր վերջին աթոռին, մի կերպ թաքցնելով մեծ փորը՝ աշակերտական նեղ նստարանի տակ: Երեխաներն էլ կարմրած դեպքերում ու քար լռության պայմաններում գրում էին: Սեդան նույնպես ինչ-որ նշումներ էր անում՝ իր նոթատետրում: Սահմանված ժամանակից հետո բոլոր աշակերտները շարքով մոտեցան ուսուցչուհուն ու հանձնեցին գրավորները:

-Եկեք հենց դասարանում էլ կարդանք, ընկե՛ր Սեդա,-տեղից խոսեց դպրոցի դիրեկտորը:

Ու Սեդան կարդաց: Կարդաց 26 աշխարհների մասին, մինչդեռ դիրեկցիան հաստատ հույս ուներ, որ շարադրությունները մեկ աշխարհի մասին են լինելու: Միայն մեկ բան կար, որ կարմիր գծի պես գնում էր բոլորի շարադրություններում, ավելի ճիշտ՝ տղաների շարադրություններում ու աղջիկների գրածներում: Տղաների դեպքում՝ աշխարհը շագանակագույն էր, աղջիկների դեպքում՝ մուգ կապույտ:

-Ի՜նչ հետաքրքրական է,-բացականչեց դիրեկտորը,-Նույնիկ հրաշալի՜. մեր տղաների համար աշխարհը հողի գույն ունի, որովհետև նրանք հողի վաղվա մշակներն են ու հայրենիքը շենացնողները, իսկ աղջիկների դեպքում աշխարհը՝ երկնքի գույն ունի, քանի որ նրանք վաղվա տիեզերագնացների մայրերն են:

Դիրեկտորը նույնիսկ ծափահարեց՝ ինքն իր ճառը, կամ գուցե երեխաների աշխատանքը: Ամեն դեպքում երեխաները ոտքի կանգնեցին ու նա դուրս եկավ դասարանից՝ չմոռանալով Սեդային ասել. «Մոլոդչինա»:

Իսկ Սեդան, որ Հուսիկին ունենալուց հետո, արդեն ժպտում էր, հենց այդ ժպիտով նայեց իր աշակերտներին, որոնցից տղաները՝ մուգ կապույտ համազգեստով էին, իսկ աղջիկները՝ շագանակագույն: