ԳլխավորՄի կտոր գիրք

«Պանտալեոնը եւ Այցելուների ջոկատը». Մարիո Վարգաս Լյոսա

Այսօր պերուացի գրող, գրականության 2010 թ. Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսայի (28.03.1936) ծննդյան օրն է։

***

— Այսպես ուրեմն՝ ցլին կոտոշներից է պետք բռնել,-մատը շուրթերին է դնում գեներալ Վիկտորիան։- Գործը հույժ գաղտնիություն է պահանջում։ Նկատի ունեմ այն առաջադրանքը, որը ձեզ ենք վստահելու, կապիտան։ Բա’ց արա խաղաքարտերը, Վագր։

— Կարճ ասած՝ սելվայի զորքը աջ ու ձախ վրա է տալիս տեղացի կանանց,-շունչը տեղն է բերում, աչքերն է ճպճպացնում ու հազում է Վագր Կոլյասոսը։- Բռնաբարության անթիվ-անհամար դեպքեր են եղել, եւ ռազմադատարաններն արդեն ի վիճակի չեն այդչափ թափթփուկների դատել։ Ողջ Ամազոնիան իրար է անցել։

— Մեզ ամեն օր ռմբակոծում են տեղեկագրերով ու բողոքներով,-կզակն է կսմթում գեներալ Վիկտորիան։- Բողոքող հանձնախմբեր են գալիս անգամ կորած-մոլորած գյուղակներից։

— Ձեր զինվորները պատվազուրկ են անում մեր կանանց,-գլխարկն է ճմռթում քաղաքապետ Պայվա Ռանհուին, եւ խզվում է նրա ձայնը։- Մի քանի ամիս առաջ իմ դեռատի քենուն են անպատիվ արել, իսկ անցյալ շաբաթ էլ քիչ էր մնում հարազատ կնոջս պատվազուրկ անեին։

— Ախր դրանք իմ զինվորնե~րը չեն, Ազգայինի~նն են,-ձեռքերով հանգստանալու նշաններ է անում գեներալ Վիկտորիան։- Հանգստացե’ք, հանգստացե’ք, պարոն քաղաքապետ։ Բանակի հրամանատարությունը խորապես ցավում է ձեր քենու հետ պատահած անախորժության համար եւ ձեռքից եկածը կանի վնասը հատուցելու համար։

— Հիմա բռնաբարությանն անախորժություն անու՞նն են տալիս,-ապուշ է կտրում հայր Բելտրանը։- Բայց չէ՞ որ եղածը հենց բռնաբարություն է որ կա։

— Ֆլորսիտային ֆերմայից եկող երկու համազգեստավոր տղաներ են ճանկները գցել եւ վրա են պրծել հենց ճամփի մեջտեղում,-եղունգներն է կրծոտում եւ տեղից վեր է թռչում քաղաքապետ Տեոֆիլո Մորեյը։- Եվ այնքան լավ են նշան բռնել, որ հիմա հղի է, գեներա’լ։

— Դուք ինձ ցույց կտաք այդ խուլիգաններին, սենյորիտա Դորոտեա,-փնչացնում է գնդապետ Պետեր Կասաուանկին։- Դե մի’ լացե’ք, ա’յ, կտեսնեք, թե ես ինչպես կլուծեմ այդ հարցը։

-Եվ ձեր մտքով անցնում է, որ ես կարող է նրանց առա՞ջ դուրս գամ,-լացուկոծ է դնում Դորոտեան։- Ես՝ մեն-մենակ բոլոր զինվորների առա՞ջ։

-Շարասյունն այս կողմով է անցնելու, պահակազորի շենքի առջեւով,-պահ է մտնում ճաղերի ետեւում գնդապետ Մաքսիմո Դավիլան։- Դուք պատուհանից թաքուն կհետեւեք նրանց եւ հենց որ հայտնաբերեք այդ լպիրշներին, ինձ ցույց կտաք նրանց, սենյորիտա Խեսուս։

-Լպիրշնե՞ր,-թուքն է շաղ տալիս հայր Բելտրանը։- Անառակնե’ր, տականքնե’ր եւ ողորմելինե’ր, ես կասեի։ Նմա~ն անպատվություն հասցնել դոնյա Ասունտային։ Այդպես վարկաբեկե~լ համազգեստը…

***

Երեկ տեսա Ձեզ, իմ բարեկամ Պանտոխա, երեկոյան կողմ, Գոնսալես Վիխիլ պողոտայում զբոսնելիս, ծերանոցի մոտակայքում։ Պատրաստվում էի մոտենալ եւ ողջունել Ձեզ, բայց նկատեցի, որ այնքան հաճելի ուղեկից ունեք եւ այնպիսի գորովալից պահ եք ապրում, որ չմոտեցա, որովհետեւ ես կարողանում եմ զուսպ եւ հասկացող լինել։ Շատ ուրախ եմ, որ ճանաչեցի այդ չքնաղ օրիորդին, որի մեջքը գրկել էիք, եւ որն այնքան քնքշորեն կծոտում էր Ձեր ականջը։ Բայց եթե սա նրա սքանչելի տիկինը չէ,-մտքումս ասացի,-ապա այն անգնահատելի գա~նձն է, որին այս գործունյա ձեռներեցը Մանաոսից է բերել տվել, փառահեղ անցյալ ունեցող այն կի~նը։ Հրաշալի ճաշակ ունեք, սենյոր Պանտոխա, եւ իմացեք, որ քաղաքի բոլոր տղամարդիկ նախանձում են Ձեզ, որովհետեւ Բրազիլուհին երբեւէ Իկիտոս ոտք դրած ամենագայթակղիչ, ամենացանկալի կինն է, երանի~ Ձեզ եւ զինվորներին։ Մորոնա լճի չքնաղ աղջամուղջը դիտելո՞ւ էիք գնում, հավերժական սեր խոստանալո՞ւ ձորակի պռնկին, որտեղ նահատակ մանկանն են խաչել, ինչպես հիմա մոդա է դարձել տեղի սիրահարների շրջանում…

Մարիո Վարգաս Լյոսա

Հատվածներ «Պանտալեոնը եւ Այցելուների ջոկատը» վեպից

Comment here