ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում․
- Արձակ
- Դրամատուրգիա
- Մանկապատանեկան գրականություն
- Պոեզիա
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:
Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 400․000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է երբևէ հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Մրցույթին պետք է ներկայացնել՝
«Արձակ» անվանակարգում
կամ 2 պատմվածք
կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ):
«Դրամատուրգիա» անվանակարգում
1 պիես (ծավալն էական չէ)
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում
- կամ 2 հեքիաթ
- կամ 2 պատմվածք
- կամ 2 պատկերազարդ պատմություն
- կամ 10 բանաստեղծություն
- կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ):
«Պոեզիա» անվանակարգում
10 բանաստեղծություն
Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։
Այն ստեղծագործությունները, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն, չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, և ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:
Մասնագիտական ժյուրիի կազմում են.
«Արձակ» անվանակարգ
- Աննա Դավթյան
- Արքմենիկ Նիկողոսյան
- Հովհաննես Երանյան
- Սարգիս Հովսեփյան
«Դրամատուրգիա» անվանակարգ
- Անահիտ Արամունի Քեշիշյան
- Դավիթ Խալաթյան
- Նարինե Գրիգորյան
- Սաթէ Խաչատրյան
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ
- Անի Հովնանյան
- Երազիկ Գրիգորյան
- Սաբեթ Հովհաննիսյան
- Վարդուհի Բալոյան
«Պոեզիա» անվանակարգ
- Ալվարդ Սեմերջյան
- Կարեն Անտաշյան
- Հասմիկ Սիմոնյան
- Ներսես Աթաբեկյան
Հայտերի գնահատման չափանիշները.
«Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
«Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը:
«Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել info@yerevanbookfest.com հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը՝ մեկ ֆայլում): «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ): Նամակի դաշտում գրել հեռախոսահամար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թ. օգոստոսի 10։
Մրցութային կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։
Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 6-ին՝ Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի փակման արարողության ժամանակ։
Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 4-6-ը Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Այս տարի փառատոնի գլխավոր թեման լեզուն է, որը ստեղծում է ոչ թե սահմաններ, այլ կամուրջներ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ: Հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Կազմակերպիչներն են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


