ԳլխավորԼուր

Ո՞ր գրքերն են ամենապահանջվածը եղել գրադարաններում ապրիլ ամսին

ԱրՊՀ, գրադարան

Հայաստանի 10 մարզային և Երևանի Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի սպասարկման վիճակագրական տվյալներով հանրային և համայնքային գրադարանների 2023 ապրիլին ամենից շատ սպասարկված գեղարվեստական գրքերի ցուցակում 81 անուն գիրք կա, տեղեկացնում են Հայաստանի ազգային գրադարանից։

«Ապրիլյան համահավաք ցուցակում հայ դասական և ժամանակակից 28 և արտասահմանյան 30 գրողների գրքեր են. դրանք ընթերցողները վերցրել են տանը կարդալու համար կամ էլ կարդացել են գրադարանների ընթերցասրահներում։ Ամենապահանջված տասնյակի առաջատար եռյակը կազմված է միայն հայ հեղինակների գրքերով։

Ամսվա ամենաշատ կարդացված գիրքը Շիրվանզադեի «Քաոսն» է, որը պատվիրվել և կարդացվել է ավելի քան 60 անգամ։ Գրքի ընդգրկվածությունը 5 մարզային գրադարանների ցուցակում բացատրվում է նրանով, որ Շիրվանզադեի վեպը դպրոցական ընթերցանության պարտադիր ծրագրում է։

Հայ դասական հեղինակին հետևում են երկու ժամանակակից գրողներ՝ Աշոտ Աղաբաբյանը «Մենակը» վեպով և Սյունե Սևադան «Աղի թեյ»-ով։ Աղաբաբյանը թոփ տասնյակում ներկայանում է նաև «Թակարդը» վեպով։ Ընթերցանության ցուցանիշներով նրա վեպերը առաջատար են Երևանում և Կոտայքի մարզում։

Տասնյակում շատ հեղինակներ ներկայացված են երկու գրքով։ Հերման Հեսսեն ներկայացել է 3 գրքով։ Իսկ վերջին ամիսներին գրադարաններում ամենաշատ սպասարկվող հեղինակը չի փոխվել. Ագաթա Քրիստիի վեպերից 7-ը տասնյակներում է։ Հինգ տարբեր վեպերով առավել շատ կարդացվող հեղինակների թվում է նաև երիտասարդների սիրելի գրող Էրիխ Մարիա Ռեմարկը։

Ամենաընթերցվող հեղինակների շարքում են Դերենիկ Դեմիրճյանը, Վարդգես Պետրոսյանը, Գոհար Նավասարդյանը, Խալեդ Հոսեյնին, Մարկ Լևին և Ջոջո Մոյեսը»,-նշված է Ազգային գրադարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։