ԳլխավորՄի կտոր գիրք

Ղազարոս Աղայան. «Արեգնազան կամ Կախարդական աշխարհ»

Հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի (04.04.1840-20.06.1911) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք հատվածներ նրա «Արեգնազան կամ Կախարդական աշխարհ» հեքիաթից։

***

Շատ հին ժամանակ, երբ աշխարհքս լիքն էր հրաշքներով, և երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա՛ այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով։

Արմանն ուներ երեք զավակ՝ մորից որբ մնացած։ Նրանցից երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը՝ ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ, միայն բարի ոգիները նրա ինչ լինելը թաքցրել էին հողեղեններից։ Այդպես էին կամեցել բարի ոգիները իրանց համար հայտնի նպատակով, և մի ուրիշ ժամանակով, երբ որ ժամանակը լրանար, այնուհետև նա կա՛մ աղջիկ և կա՛մ տղա պիտի դառնար։ Բայց Արմանը նրան չէր որոշում աղջիկներից, և երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։ «Թող սա էլ աղջիկ համարվի,— ասաց նա,— մինչև բարի ոգիների կամքը կատարվի»,— և անունն էլ դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։

Արեգնազանը մեծացավ աղջկա պես. և թեպետ հավատացած էր, որ ինքն աղջիկ է և աղջիկներից էլ՝ ամենից գեղեցիկը, բայց ատելով ատում էր աղջկան վայել բաները։ Նա չէր սիրում բուրդ գզել, թել մանել, կար ու գործ անել և, դրա հակառակ, երբ մի լավ ձի կամ մի զենք էր տեսնում՝ խելքը գնում էր։ Մայր չուներ, որ նրան ստիպեր, տնարարություն սովորեցներ, իսկ հայրը, կարծես գիտությամբ, ոչ միայն այդ մասին ոչինչ հոգս չէր անում, այլև նրան իր հետ որսի էր տանում և ձի հեծնել ու զենք գործածել էր սովորեցնում։

Այսպես անցավ մի ժամանակ. մեկ օր Արմանը կանչեց իր զավակներին և ասաց.

— Ես ծառայում էի մեր բարի թագավորին, և նա ինձ շատ սիրում էր։ Ահա՛ այս դաշտերն ու անտառները, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին են, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայությանս համար։ Երբ որ ձեր մայրը վախճանվեց՝ սաստիկ տխրություն եկավ վրաս։ Վեր առա ձեզ, քաշվեցի այս խաղաղ վայրերը և, տխրությունս փարատելու համար, գլուխս որսորդության տվի։ Դուք հիմա մեծացել եք, իսկ ես՝ ծերացել։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ի՞նչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք. իհա՛րկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար ես մտածել եմ, որ ձեզանից մեկին, տղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու։ Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա։ Այդպիսով, ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ։ Հիմա ո՞րդ կուզենաք գնալ։

— Ե՛ս կերթամ, հայրի՛կ,— ասաց մեծ աղջիկը։

— Ես էլ, հայրի՛կ, ես էլ,— մեջ ընկավ միջնակը։

Արեգնազանը լուռ էր։

— Իսկ դու, Նազանի՛կ, դու չե՞ս կամենալ,— հարցրեց հայրը Արեգնազանին. կարծես ուզում էր, որ գնացողը նա՛ լիներ անպատճառ։

— Ինչո՞ւ չէ, հայրի՛կ. բայց երբ որ իմ մեծ քույրն ուզում է, ես ինչո՞ւ արգելք լինիմ նրան։

— Այստեղ արգելքի բան չկա, հոգի՛ս. ինձ համար դուք երեքդ էլ մեկ եք, միայն՝ դեռ չգիտեմ, թե՝ ձեզանից ո՞րն ավելի հարմար կլինի։

— Ես ամենից հարմարն եմ, հայրի՛կ,— ասաց մեծը,— որովհետև ես ամենից մեծն եմ։

— Շա՛տ լավ, բայց ես առանց պայմանի ոչ մեկիդ չեմ ուղարկելու։ Եթե դու կամենում ես՝ կերթաս, ուրեմն, կփոխես հագուստդ, կընտրես զենք ու զրահ, և առավոտը շատ վաղ քո ձին կհեծնես, կերթաս որսորդության. եթե դատարկ չվերադառնաս, քեզ կուղարկեմ թագավորի մոտ։

Մյուս առավոտուն մեծ աղջիկը, ինչպես պատվիրել էր հայրը, ճանապարհ ընկավ դեպի դաշտ՝ մի բան որսալու համար։ Երբ որ մտավ մի խոր ձորի մեջ և ուզում էր անցնել մյուս կողմը, նրա առաջը կտրեց մի դիմակավորված ձիավոր՝ ոտից մինչև գլուխ զինավորված։ Աղջիկը նրան որ տեսավ՝ այնպես վախեցավ, որ քիչ մնաց լեզուն կապվի. սաստիկ երկյուղից մնաց կաշկանդված, փախչիլ անգամ չկարողացավ։ Ձիավորը մոտեցավ նրան ու ասաց.

— Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ.
Ինչո՞ւ փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։

Աղջիկը պատասխանեց կմկմալով.

— Ես… ես… գնում եմ…
Ոչ… ոչ… չեմ գնում…
Հա… հա… պիտի գնամ…
Ի՞նչ երեսով ետ դառնամ…

Ձիավորն ասաց սպառնալով.

— Դու գնո՞ւմ ես, ո՞ւր ես գնում,
Ո՞ւր ես փախչում դու ձեր գեղից.
Ե՛տ դառ իսկույն, թե չես ուզում,
Որ գլուխդ թռչի տեղից…

Այս ասելով ձիավորը հանեց թուրը և բարձրացրեց, որ զարկե աղջկանը, բայց նա բղավեց.

— Վա՜յ, վա՜յ, մի՛ զարկիր, մի՛ զարկիր, ես աղջիկ եմ, ես աղջիկ եմ, ահա՛, ահա՛, ետ եմ դառնում։

— Որ աղջիկ ես, ուրեմն՝ գնա ձեր տուն, ձեր հավերին կուտ տուր։ Տղամարդի հագուստ ունենալը բավական չէ, պետք է տղամարդի սիրտ էլ ունենալ։ Էլի լավ էր, որ ինձ պատահեցար և ո՛չ մի ուրիշին,— ասաց ձիավորը և անհայտացավ։

Աղջիկը դողդողալով վերադարձավ տուն։

— Է՜… ո՞ւր է բերած որսդ,— հարցրեց հայրը,— ինչո՞ւ այդպես շուտ վերադարձար։

— Ճանապարհին ջերմս բռնեց, հայրի՛կ, գլուխս ցավում է,— պատասխանեց աղջիկը…

***

Զարմանալի մի էակ էր Արեգնազանը. միշտ աշխույժ ու զվարթ, միշտ անահ ու անհոգ. նեղության մեջ ընկած ժամանակ ևս իր ուրախ տրամադրությունը չէր փոխում։ Նա գնաց իր Բազիկ ձիով, որ երեք-չորս օրվան ճանապարհը մեկ օրումն էր անցնում։ Նա պտտեց մի քանի թագավորություն, շատ տեղ հարցուփորձ արավ, շատ բան տեսավ, շատ նեղություններից ազատվեցավ, մինչև հասավ կախարդական աշխարհը, ուր ամեն մի քայլափոխում մի նոր հրաշք էր տեսնում, մի նոր զարմանալիք։

Մեկ օր սաստիկ արև էր։ Շոգը որ շատ նեղեց Բազիկին՝ Արեգնազանը իջավ մի լճի մոտ, Բազիկին քաշեց կապեց մի խիտ ստվերի մեջ, ինքն էլ մոտը նստեց, հանեց իր ճամփի պաշարը և սկսեց ճաշել։ Հենց այդ միջոցին մեկ էլ տեսավ, որ ահա՛ մի խումբ աղավնիներ թռած եկան և իջան լճի ափին՝ իրանից շատ մոտիկ։ Նետաղեղը լարեց, որ մի որս անե, մեկ էլ տեսավ, որ բոլոր աղավնիները հանեցին փետուրները և, աղջկերք դառնալով, թափվեցան ջուրը լողանալու։

Արեգնազանը մնաց ապշած մի րոպե. հետո մտածեց նրանց հետ մի խաղ խաղալ և տեսնել՝ ի՞նչ կլինի հետևանքը։ Կուզեկուզ մոտեցավ ափին՝ այնպես, որ իրան չտեսան, վերցրեց նրանցից մեկի փետուրները։ Երկու մեծ թև էր աղավնու, մնացած փետուրներն էլ վրան։

Չանցավ մի քանի րոպե, բոլոր աղջկերքը դուրս եկան, հագան իրանց թևերն ու թռան, բայց մեկը, որ իր թևերը չգտավ, ամաչեց մերկ կանգնել ջրի ափին, իսկույն իրան գցեց ջուրը։ Արեգնազանը, այդ նկատելով, թևերը ձեռին մոտեցավ աղջկանը։ Աղջիկը, ջրումն ընկղմված, միայն գլուխը դուրս հանած, մոտեցավ Արեգնազանին և սկսեց երգել.

Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։

Իմ օրումս չեմ տեսած
Քեզ պես սիրուն մի տղա,
Այդքան գեղեցկության մեջ
Սիրտ չի լինիլ անզգա։

Խնայի՛ր ինձ, աղաչո՛ւմ եմ,
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։

Եթե իրավ տղա ես՝
Կուզեմ դառնաս դու աղջիկ,
Որ քո սեռում չլինի
Քեզ հավասար գեղեցիկ։

Տե՛ս, ահա ես քեզ օրհնում եմ.
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։

Աղավնի աղջիկը լռեց և, վիզը ծռած, մի ամենաքնքուշ ժպիտ բերանին՝ նայում էր Արեգնազանին և սպասում, որ իր թևերն ստանա։

Արեգնազանին այնքան դուր եկավ Աղավնի աղջկա երգի եղանակը, որ ասում էր. «Ո՛չ ուտեմ, ո՛չ խմեմ, սա երգի, ես լսեմ»…

— Շարունակի՛ր, շարունակի՛ր, մի քիչ էլ երգիր,— խնդրեց Արեգնազանը։— Քո երգը ինձ շատ է դուր գալիս, դեռ այդպես բան լսած չկամ կյանքումս։ Միայն մի բան ես չհասկացա, սիրո՛ւն աղջիկ։ Դու ասում ես. «Եթե տղա ես, աղջիկ դառնաս».— այդ ինչպե՞ս կարելի է։

***

Ահագին շուկա, կարգին խանութներ, թե՛ կրպակ, թե՛ տուն, թե՛ կատու, թե՛ շուն, ուտելիք ու հագնելիք, գեղեցիկ գորգեր և ուրիշ զարդեր… բոլորը, բոլորը քարացած։ Ո՛չ ծուխ, ո՛չ կրակ, ո՛չ ձայն, ո՛չ շունչ… կյանքի հետք ու նշույլ չկա…

— Ես հիմա՜ հասկացա. սա՛ է Աղավնի աղջկա ասած քարե քաղաքը,— ասաց Արեգը և սկսեց շրջել քաղաքի մեջ, ուր ամեն մի քայլափոխում մի նոր տեսարանի էր հանդիպում։

Մի տեղ մի խումբ մարդիկ կանգնած՝ որպես թե իրար հետ խոսում են. մեկի դեմքը բարկացած է և բերանը բաց, կարծես մյուսին հայհոյում լինի. մեկը ծիծաղում է, մյուսը լաց է լինում. մի կին, երեխան գրկած, ողորմություն է ուզում. մի տեղ հարսանիքի հանդես է իր ամեն սարք ու կարգով. հարսին տանում են փեսայի տուն։ Մեկ խոսքով՝ եթե շարժման մեջ եղած մի քաղաք մի վայրկյանում տեղնուտեղը քարանա, ինչ պատկեր կստանա, ահա՛ այդպիսի մի պատկեր էր ներկայացնում քարացած քաղաքը։ Մրգավաճառը միրգը քաշել է և կիսով չափ ածել առնողի զամբյուղը, մինչև մյուս կեսն ածելը քարացել են՝ ինքն էլ, կշեռքն էլ, առնողն էլ, միրգն էլ. ահա՛ այսչափ արագ էր եղել քարանալը։

— Խե՜ղճ մարդիկ,— ասաց Արեգը,— հող դառնալու էլ չեք արժանացել, այլ՝ դառել եք ծախու ապրանք։ Ճշմարիտ, եթե մեկը այս անթիվ արձանները կարողանար տանել հեռու աշխարհքներ վաճառելու՝ անչափ հարստություն կդիզեր։ Ահա՛ այն նորապսակ աղջկա արձանին, ով գիտե, իր քաշովը մեկ ոսկի կտային։ Բայց ի՜նչ եմ մտածում ես էլ. այս թշվառությունն աշկարա տեսնողն էլ ի՜նչ կարող է հարստության վրա մտածել։ Ահա՛ հարստություն՝ մեր առջև պատկերացած իր իսկական կերպարանքով… Ա՜խ, երանի՛ թե՝ սրանցից մեկը լեզվավորվեր և ինձ պատմեր իրանց գլխի անցքը։ Արի՛ մեկ բղավեմ, ինչ կլինի՝ կլինի։

— Ո՛վ քաղաքացի՜ք… ինչո՞ւ եք քարացե՜լ…— կանչեց Արեգը։

— Քարացե՜լ…— արձագանք տվին բոլոր քարերը։

— Ք…ա՜…ր,— հանկարծ մի նոր ձայն լսվեցավ։

— Ահա ձայն լսեցի,— ասաց Արեգը և մեկ էլ բղավեց.— Ո՞վ կաք կենդանի՜…

— Ե…ե՜…ս,— պատասխանեց ձայնը։

Արեգը որոշ կերպով լսեց, թե որտեղի՛ց է գալիս ձայնը, գնաց դեպի այն կողմը։ Մի գեղեցիկ ապարանք էր, առջևն ընդարձակ պարտեզ, բոլորն էլ քարացած։ Մի փոքրիկ ծաղկոցում նա գտավ մի քարացած մարդու կենդանի գլուխ։

— Ո՞վ ես դու, ո՛վ մարդ,— հարցրեց Արեգը։

— Ջո՜ւր… ջո՜ւր…— պատասխանեց գլուխը, հազիվ կարողանալով խոսել։

— Ջո՞ւր ես ուզում։

— Ջո՜ւր… ջո՜ւր… տո՜ւր… տո՜ւր…

— Հայրի՛կ, ձեր քաղաքի ջուրն էլ է քարացել, ջուր չկա։

— Մի՜… մի՜… կա՜թ… կա՜թ…

— Մի կաթիլ ջուրը քեզ ի՞նչ կօգնե. քո ծարավը մի կարաս ջրով չի հագենալ։ Ես ունիմ ինձ մոտ մի քանի կաթիլ ջուր, եթե կբավականանաս՝ չեմ խնայիլ քեզանից։

— Հա՜… հա՜… հա՜…

Արեգը հանեց անմահական ջրի շիշը և նրանից մի քանի կաթիլ կաթեցրեց կիսարձանի բերանը։ Կենդանի գլուխը ոչ միայն կատարելապես զովացավ, այլև զգաց մի վերակենդանության ցնցում իր բոլոր մարմնի մեջ…

Հեքիաթն ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here