…Լեյտենանտ Լևոն Մարկոսյանը «Դվին» սրճարանում նրբերշիկ էր ուտում և դանդաղ, կում-կում վայելում ոչ սառը գարեջուրը։ Սրճարանում ասեղ գցելու տեղ չկար, և նա նստեց պատանի մի զույգի մոտ՝ կիսամութ անկյունում։
Նստեց և փոշմանեց։ Տասնյոթ-տասնութ տարեկան սիրահարները, արար-աշխարհ մոռացած, գլուխ-գլխի, գգվում էին միմյանց աղավնիների նման՝ կրքոտ ու անհամբեր։ Տղայի ձեռքերն անընդհատ որոնումների մեջ էին։ Նրանք մերթ խլում էին աղջկա ձեռքերը, սեղմում ու մոտեցնում շուրթերին, մերթ սուզվում էին սեղանի տակ և որոնում նրա բաց ու հնազանդ ծնկները։
Մարկոսյանից չէին ամաչում։ Քաղաքացիական զգեստով լեյտենանտը թվում էր համարյա նրանց տարեկիցը։ Ընդհակառակը, երբ պատանին բռնում էր լեյտենանտի հայացքը, աչքերը լցվում էին խանդոտ չարությամբ, որից դեմքն ստանում էր կռվազան աքլորի արտահայտություն։ Մարկոսյանն զգում էր, որ ինքն ավելորդ է այստեղ, բայց չէր շտապում բարձրանալ տեղից։
Հարևան սեղանին, տարեց կնոջ հետ նստած երիտասարդը կրքից մշուշված աչքերով հոշոտում էր բավական անզգուշորեն սեղանին կքած կնոջը, որն «անմեղորեն» ցուցադրում էր իր փարթամ, կաթի սպիտակություն ունեցող կուրծքը։ «Տես է՜,- մտորում էր լեյտենանտը,- քաշում է տղային։ Քաշում է մաշված հրապույրների վերջին լարումով։ Իսկ սա կտցում է խայծը։ Եվ ո՜նց է կտցում՝ խելահեղորեն։ Կինը ցանկանում է մի անգամ ևս եռացնել իր հանդարտվող, բայց տոչոր արյունը, բնության անողոքության դեմ հանելով իր վրիժառու կենսասիրությունն ու չզինաթափվող կանացիությունը, իր զարդաթափ հրապույրների վերջին ճիգը։ Բայց միևնույն է՝ բանը-բանից անցել է։ Պահունակի մեջ մնացել են վերջին փամփուշտները»։
Լեյտենանտը հանկարծ վատ զգաց իրեն, ամաչեց։ «Ինչո՞վ եմ զբաղված, ինչո՞վ․․․ Նստել և բազմության վերքին եմ նայում։ Վերքի՜ն․․․ Իսկ նրա առողջ մարմինն ինձ ասես չի հետաքրքրում։ Իմ աչքերը, որոնք կարոտ են գեղեցիկ մարդկանց, այլանդակին որոնելու, տեսնելու պարտականության մեջ են, հակահասարակականը՝ հասարակությունից, ինչպես թարախոտ վերքը՝ մարմնից, հեռացնելու տենդագին ծառայության մեջ։ Ա՜յ թե գործ է․․․ Անհրաժեշտ և անտանելի, անտանելի․ ազնիվ մարդու մեջ հնարավոր հանցագործը որսալու և հանցագործի մեջ՝ ազնվության և մարդկայնության նշույլը հայտնաբերելու դժվարին, անկողմնակալ և տառապալից աշխատանք։ Իսկ այստեղ սիրվում են, ինչ կա որ։
Այս պատանին նայում է ինձ այն շնիկի նման, որի բերանից ասես ցանկանում են թռցնել մսի կտորը։ Իսկ այդ հազար առագաստ տեսած ու մաշած և մաշված կինը իրեն պահում է ամուսնական առագաստ մտնող նորահարսի նման, և աչքերը դրանից շլանում են․․․»։
Լեյտենանտը սթափվեց մտքերից։
Աղջիկը խեղդվում էր հազից։ Երկու մատով բռնել էր ծխացող սիգարետը, բռնածը ասես մատների մեջ սատկած գորտ լիներ։ Հետո «ֆիի՜․․․» արեց և ծխախոտը ճխլեց սուրճի ափսեի մեջ, անսահման ուրախություն և ծիծաղ պարգևելով իր անբեղ-անմորուք սիրահարին։ Ծխել է սովորում, դառնությամբ մտածեց լեյտենանտը, ծխել է սովորում։ Մի երկու-երեք օր կխեղդվի հազից, ապա կվարժվի թույնին, էլ չի հազա, և գործը հալած յուղի նման կգնա առաջ։ Եվ ինչո՞ւ են սրանք դերասանություն անում։ Ծխող չեն և ցանկանում են ծխող երևալ։ Հասունանա՜լ են ուզում։ Մեծ երևա՜լ են ուզում, որպեսզի իրենց ոչ մանկական արարքներին, մեղքերին արդարացում գտնեն, բայց ափսո՜ս են․․․
Լղարիկ մի երիտասարդ, որի ադամախնձորը յուրաքանչյուր բառի հետ կուլ էր գնում կոկորդին և ապա հաջորդ բառին նորից հայտնվում իր տեղում, աշխարհի բոլոր սրբերով ու սրբություններով երդվում էր կողքին նստած աղջկան, որ այս մեծ աշխարհում նրանից գեղեցիկ ու լավ աղջիկ ինքը երբեք չի տեսել։ Աղջիկը տգեղ էր և երևի գիտեր իր գեղեցկության գինը, քանի որ տղային նայում էր վախվորած մի թերահավատությամբ, ասես խնդրելով ձեռք չառնել իրեն։
-Հորս արևը,- երդվում էր տղան,- հորս արևը, հավատա՛։
Տղան խմած չէր, և Մարկոսյանն ուրախացավ։ «Ուրեմն, սիրում է աղջկան։ Բարձրացնում, շոյում է աղջկա ինքնասիրությունը, նրան գեղեցկացնում է իր համար, որպեսզի սիրի իր իսկ հորինած գեղեցկությունը։ Կամ ով իմանա․ ասում են սիրահարի աչքին սիրածից լավը չկա։ Իսկ եթե ստո՞ւմ է։ Ո՛չ։ Աղջկան նայում է սիրահարվածի աչքերով։ Սիրում է ուրեմն, հավանում, գնահատում է սիրածին»։ Սակայն որքան շատ էր երդվում տղան, այնքան քիչ էր հավատում աղջիկը նրան, որն, ի վերջո, սկսեց պաղատել տղային։
— Ես քեզ ի՞նչ վատություն եմ արել, Վարդան,- լացակումած խոսում էր աղջիկը,- զո՜ւր ես ձեռ առնում․․․
— Հորս արևը,- կրկնեց տղան և բարձրացավ սեղանից։ Հետո արդեն ցածրաձայն ինչ-որ բան էր փորձում ապացուցել աղջկան։ Այդ պահին նա նման էր բանաստեղծություն ընթերցող վերացած պոետի։ Հուզված էր․ ադամախնձորը դարձել էր այնքան շարժունակ, որ ասես խոսում էր ադամախնձորով։
Սրճարանում ծխի ամպ և սուրճի հաճելի բուրմունք էր կանգնած։ Երիտասարդների մի խումբ մագնիտոֆոն էր բերել, իսկ երբ հնչեց թվիստը, ողջ սրճարանն ասես հրամանով ոտքի թռավ, և սկսվեց պարը։ Մարկոսյանը, դանդաղ ծամելով ուտելիքը՝ նայում էր պարողներին։ Պարը գնալով արագանում էր և ահագնանում։ Պարում էին համերաշխ, ինքնամոռաց ու երջանիկ…
Մկրտիչ Սարգսյան (02.05.1924-23.06.2002)
Հատված «Շահմարի առեղծվածը» ստեղծագործությունից
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։