Հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի (Կառլեն Մուրադյան, սեպտեմբերի 30, 1919- հունիսի 11, 1998) ծննդյան օրն է։
Ձյուն է գալիս
Ձյուն է գալիս,
Եվ մի աղջիկ, մայթում խավար,
Քայլում է ու անձայն լալի՜ս…
Ինչո՞ւ է նա այդպես լալիս…
Ու մոլորված գնում-գալիս,
Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.
Գուցե նրա հե՛րթն է գալիս
Զգալո՛ւ, որ կյանքը, ավա՜ղ,
Հաճախ նաև… վիշտ է տալիս.
Դրա համար էլ նա՝ լալիս,
Ձյունն ու արցունքը կուլ տալիս,
Դեգերո՜ւմ է մայթում խավար.
Եվ կարծում է հավանորեն,
Թե էլ չի՜ գա բախտը նորեն
Եվ…անցե՜լ է անդառնալի…
Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
Որ ամեն ինչ, այս ձյան նման,
Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
Եվ զուր է նա այդպես լալիս…
Ձյու՜ն է գալիս…
Քո աչքերի մեջ
Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ,
Գանգուրների մեջ մատների շոյանք,
Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների,
Մատիդ՝ մատանուց մնացած օղակ:
Բայց դու մի ժպտա մեղավորի պես,
Եվ մի խեղճանա,
Քեզ չեմ նախատում,
Դու լավ գրքի ես նմանվում այնպես,
Իսկ գիտե՞ս:
Լավը շատերն են կարդում:
Կարդո՞ւմ:
Այլ բան է լավ գիրքը բացել,
Եվ այլ՝
Հասկանալ,
Զգալ,
Հավատալ…
Նրանք շուրթերդ են թերթել ու անցել,
Իսկ ես ուզում եմ
Քո սիրտը կարդալ…
Քո ձեռքերը
Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի՛ց ամուր գրկում,
Սակայն երբեք չե՛ն… բանտարկում.
Ինձ աշխարհի տե՛րը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում,
այլ` լոկ փրկո՜ւմ,
Ինչպես փրկում են խեղդվողի՛ն…
Քո ձեռքե՛րը, —
Նո՜ւրբ,
Ասողի՜կ,
ՈՒ երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես` չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում…
Ես սիրում եմ քո ձեռքերը…
«Մարգարի՛տ եմ քիչ-քիչ դառնում…» —
Իսկ մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի՛ն,
Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜, —
Երբեք պիտի չխնայե՜ս
Եվ… միշտ… կրծքիդ վրա պահես, —
Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
(Քո սիրո՛ւց ու կրծքից հեռո՛ւ),
Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ, —
Կրկին դարձած… նույն չոր խեցի՜ն…
Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ…
***
Մահը մի՛շտ հիշիր,
Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ, — որ իմանաս, —
Թե դեռ ինչքա՜ն է մնում… ծիծաղել,
Եվ… ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո…
Եվ մի՛ թրեւի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ… քո՜նն ես կարծում.
Վաղը, նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես… սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում, —
Որ… Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ…
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում…
Ես ա՛յն եմ սիրում
…Ես ա՛յն եմ սիրում,
Երբ ձմեռ-ամառ… գարո՜ւն է թվում,
Անծանոթ մի վայր քեզ… տո՜ւն է թվում.
Ոչ միայն նայում, այլ… տեսնո՛ւմ ես դու,
Ոչ թե ունկնդրում, այլ… լսո՛ւմ ես դու,
Երբ սլանո՜ւմ ես
Եվ ոչ թե` քայլո՛ւմ,
Երբ և այրվո՛ւմ ես, և ի՛նքըդ այրում…
Ա՛յն, երբ աչքերը աչե՜ր են դառնում,
Խոսքերը սիրո կանչե՛ր են դառնում,
Սիրե՛րգ է դառնում ամեն մի հնչյուն,
Եվ արտաշնչո՜ւմն անգամ` Ներշնչում…
Սիրում եմ սիրո այն հրա՜շքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թևեր,
Երբ թվում է, թե շարժումից մի նուրբ,
Կարող ես մինչև աստղե՜րը թևել.
Երբ կոշտ մատները թավի՜շ են դառնում,
Արյունը գարնան ավի՜շ է դառնում
Եվ ժամերն անգամ, հաշիվը խառնո՜ւմ,
Մոռանո՜ւմ են, թե… ինչքան են տևել…
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։