ԳլխավորՄի կտոր գիրք

«Փոքրիկ իշխանը». Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի (հունիսի 29, 1900 – հուլիսի 31, 1944) «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից։

***

Օ՜, Փոքրիկ իշխան, քիչ-քիչ ես հասկացա նաև, թե որքան տխուր ու միապաղաղ է եղել քո կյանքը: Երկար ժամանակ դու միայն մի հաճելի զբաղմունք ես ունեցել՝ նայել վերջալույսին: Ես այդ մասին իմացա չորրորդ օրվա առավոտյան, երբ դու ասացիր. – Ես վերջալույս շատ եմ սիրում:

Գնանք տեսնենք, թե ինչպես է արևը մայր մտնում:

– Դրան պետք է սպասել:

– Ինչո՞ւ սպասել:

– Որպեսզի արևը մայր մտնի:

Սկզբում դու շատ զարմացար, իսկ հետո ինքդ քեզ վրա ծիծաղեցիր ու ասացիր.

– Ինձ միշտ թվում է, թե իմ տանն եմ:

Եվ իրոք: Բոլորը գիտեն, որ երբ Ամերիկայում կեսօր է,Ֆրանսիայում արևը մայր է մտնում: Եվ եթե հնարավոր լիներ մի րոպեում տեղափոխվել Ֆրանսիա, կարելի կլիներ հիանալ վերջալույսով: Դժբախտաբար Ֆրանսիան շա՜տ-շա՜տ է հեռու: Իսկ քո մոլորակի վրա բավական էր աթոռը մի քանի քայլ առաջ տանել, և դու նորից ու նորից կարող էիր հիանալ վերջալույսի երկնքով… հարկավոր էր միայն ցանկանալ…

– Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է արևը մայր մտնում:

Եվ մի փոքր սպասելով՝ դու ավելացրիր.

– Գիտես… երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը…

– Ուրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխուր: Սակայն Փոքրիկ իշխանը չպատասխանեց:

***

Շատ շուտով ես ավելի ճանաչեցի այդ ծաղիկը: Փոքրիկ իշխանի մոլորակի վրա մինչ այդ աճում էին սովորական ու համեստ ծաղիկներ, որոնք քիչ թերթեր ունեն, շատ քիչ տեղ են գրավում և ոչ ոքի չեն անհանգստացնում: Նրանք առավոտները բացվում են խոտերի մեջ և երեկոները թառամում: Բայց այս մեկը ծլեց մի սերմից, որը չգիտես թե որտեղից էր ընկել նրա մոլորակի վրա, և Փոքրիկ իշխանը աչքը չէր կտրում մնացած ծիլերին ու շյուղերին բոլորովին չնմանվող այդ փոքրիկ թփիկից: Հանկարծ ու դա բաոբաբի մի նոր տարատեսակ լիներ: Բայց թփիկը շուտով դադարեց բարձրանալուց, ու նրա վրա կոկոն հայտնվեց: Փոքրիկ իշխանը այդքան մեծ կոկոն չէր տեսել և արդեն նախազգում էր, որ հրաշք է լինելու: Իսկ անծանոթ հյուրը, իր կանաչ սենյակի մեջ թաքնված, դեռևս պատրաստվում էր, գեղեցկանում: Խնամքով գույներ էր ընտրում: Նա առանց շտապելու զարդարվում էր՝ իրար հետևից վրան փորձելով թերթերը: Նա չէր ուզում մի ինչ-որ կակաչի նման աշխարհ գալ գզգզված: Նա ուզում էր երևալ իր գեղեցկության ամբողջ փայլով: Այո՛, դա մի սարսափելի պճնամոլ էր: Խորհրդավոր նախապատրաստությունները օրեր էին տևում, և ահա, վերջապես, մի օր առավոտյան՝ դեռ արևը չծագած, թերթերը բացվեցին:

Եվ գեղեցկուհին, որ այդ պահի համար բավական երկար աշխատանք էր թափել, հորանջելով ասաց.

– Ա՜խ, հազիվ արթնացա… Խնդրում եմ՝ ներեք ինձ… Ես դեռ բոլորովին գզգզված եմ…

Փոքրիկ իշխանն իր հիացմունքը չկարողացավ զսպել.

– Ինչքա՜ն գեղեցիկ եք դուք:

– Ի՞նչ եք ասում… – եղավ մեղմ պատասխանը: – Տեսեք, է՜, ես ծնվեցի արեգակի հետ:

Փոքրիկ իշխանը, իհարկե, հասկացավ, որ զարմանալի հյուրը համեստությամբ չի տառապում, բայց դրա փոխարեն նա այնքան գեղեցիկ էր, որ մարդու շունչ էր կտրվում: Իսկ ծաղիկը շուտով ասաց.

– Կարծես թե նախաճաշի ժամն է: Բարի եղեք, խնդրում եմ, զբաղվեք ինձնով…

Փոքրիկ իշխանը շատ շփոթվեց,հետո նա գտավ ցնցուղն ու աղբյուրի ջուր ցանեց ծաղկի վրա: Շուտով պարզվեց, որ գեղեցկուհին հպարտ է ու շուտ վիրավորվող, և Փոքրիկ իշխանը նրա ձեռքին տանջահար եղավ: Ծաղիկը փուշ ուներ, և մի անգամ նա Փոքրիկ իշխանին ասաց.

– Թող նույնիսկ վագրեր գան, ես նրանց ճանկերից չեմ վախենում:

– Իմ մոլորակի վրա վագրեր չկան, – առարկեց Փոքրիկ իշխանը: – Բացի այդ, վագրը խոտ չի ուտում:

– Ես խոտ չեմ, – վիրավորվեց ծաղիկը:

– Ներեցեք ինձ…

– Չէ՛, վագրը ինձ համար սարսափելի չէ, բայց ես շատ եմ վախենում միջանցիկ քամուց: Դուք շիրմա չունե՞ք…«Բույս է և դեռ միջանցիկ քամուց վախենում է… շատ զարմանալի է…, – մտածեց Փոքրիկ իշխանը: – Ի՜նչ ծանր բնավորություն ունի այս ծաղիկը»:

– Իրիկնամուտին խնդրում եմ ինձ ծածկեք: Շատ ցուրտ է ձեզ մոտ: Ձեր մոլորակը բոլորովին հարմարավետ չէ: Ա՛յ, որտեղից ես եկել եմ…

Նա խոսքը չավարտեց:

Չէ՞ որ նա այստեղ էր ընկել, երբ ընդամենը սերմի հատիկ էր և ուրիշ մոլորակների մասին ոչինչ չէր կարող գիտենալ: Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել: Գեղեցկուհին շփոթվեց, հետո մեկ-երկու անգամ հազաց, որպեսզի Փոքրիկ իշխանն զգար, որ շատ մեղավոր է նրա առաջ:

– Ի՞նչ եղավ շիրման…

– Ես ուզում էի գնալ շիրման բերելու, բայց հո չէի՞ կարող մինչև վերջ ձեզ չլսել:

Ծաղիկն ավելի ուժեղ սկսեց հազալ. թող, այնուամենայնիվ, տղայի խիղճը տանջի:

Թեև Փոքրիկ իշխանը սիրեց սքանչելի ծաղիկը և շատ ուրախ էր նրան ծառայելու համար, բայց շուտով նրա սիրտը կասկած ընկավ: Դատարկ խոսքերին սկսեց նշանակություն տալ և իրեն շատ դժբախտ զգալ:

– Ես իզուր էի նրան լսում, – մի անգամ սիրտը բացեց նա: – Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց ու շնչել նրանց բույրը: Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել է ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ: Վագրերի ու մագիլների մասին նրա խոսակցությունները… դրանք պետք է ինձ վրա ազդեին, ինձ հուզեին, իսկ ես ջղայնանում էի… Եվ հետո նա խոստովանեց.

– Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում: Հարկավոր էր ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել: Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:

***

Հետևյալ մոլորակի վրա հարբեցողն էր ապրում:

Փոքրիկ իշխանը նրա մոտ շատ քիչ մնաց, բայց անչափ տխրեց: Երբ նա հայտնվեց այդ մոլորակի վրա, հարբեցողը լուռ նստել ու նայում էր առջևում շարված դատարկ ու լիքը շշերի բանակին:

– Այդ ի՞նչ ես անում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Խմում եմ, – մռայլ պատասխանեց հարբեցողը:

– Ինչո՞ւ:

– Որպեսզի մոռանամ:

– Ի՞նչը մոռանաս, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

Նա սկսել էր խղճալ հարբեցողին:

– Ուզում եմ մոռանալ, որ ամոթ է, – խոստովանեց հարբեցողը ու գլուխը խոնարհեց:

– Իսկ ինչո՞ւ է ամոթ, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Ամոթ է, որ խմում եմ, – բացատրեց հարբեցողն, ու այլևս նրանից հնարավոր չէր ոչ մի խոսք կորզել:

Եվ Փոքրիկ իշխանը շիվար ու տարակուսանքով լի շարունակեց իր ճամփան:

«Այո՛, անկասկած, մեծահասակները շա՜տ, շա՜տ տարօրինակ մարդիկ են», – մտածեց նա:

***

Երկար քայլեց Փոքրիկ իշխանը ավազների, ժայռերի ու ձյան միջով, մինչև որ դուրս եկավ մի ճանապարհ: Իսկ բոլոր ճանապարհները, հայտնի է, տանում են մարդկանց մոտ: — Բարի օր, – ասաց նա:

Նրա առաջ վարդերով ծածկված մի պարտեզ էր:

– Բարի օր, – արձագանքեցին վարդերը:

Եվ Փոքրիկ իշխանը տեսավ, որ նրանք բոլորն էլ նման են իր ծաղկին:

– Ովքե՞ր եք դուք, – զարմանքից քար կտրած՝ հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Մենք վարդեր ենք, – պատասխանեցին նրանք:

– Ահա թե ի՜նչ… – շշնջաց Փոքրիկ իշխանը:

Եվ իրեն շատ-շատ դժբախտ զգաց: Նրա գեղեցկուհին ասում էր, որ իր նմանը ամբողջ տիեզերքում չկա: Եվ ահա միայն մի այգում ճիշտ և ճիշտ իր ծաղկի նման հինգ հազար ծաղիկ կա:

«Ինչքան կջղայնանար, եթե տեսներ այս տեսարանը, – մտածեց Փոքրիկ իշխանը: – Նա կսկսեր սարսափելի հազալ ու ցույց կտար, թե մեռնում է, միայն թե ծիծաղելի չերևար: Իսկ ես ստիպված պիտի խնամեի նրան, ինչպես հիվանդին են խնամում, թե չէ նա իսկապես կմեռներ, միայն թե ինձ կստորացներ»:

–Իսկ հետո նա մտածեց. «Իսկ ես կարծում էի, թե աշխարհում միակ ծաղկի տերն եմ, մի այնպիսի ծաղկի, որի նմանը ոչ ոք չունի, այնինչ դա ամենասովորական մի ծաղիկ է եղել: Ընդամենը ես ունեցել եմ մի հասարակ վարդ և իմ ծնկներին հասնող երեք հրաբուխ, որոնցից մեկը հանգել է և գուցե՝ ընդմիշտ… դրանից հետո ես էլ ի՞նչ իշխան եմ…»:

Նա պառկեց խոտերի վրա ու լաց եղավ: