Ներկայացնում ենք հատվածներ անգլիացի վիպասան Չարլզ Դիքենսի (փետրվարի 7, 1812-հունիսի 9, 1870) «Օլիվեր Թվիստի արկածները» վեպից։
***
Ինչ-որ քաղաքում, որի անունը մի շարք պատճառներով խոհեմություն կլիներ չհիշատակել, և որը ես չեմ կոչելու որևէ մտացածին անունով, հասարակական այլ շենքերի թվում կար մի շենք, որ սովորաբար լինում է մեծ կամ փոքր հին քաղաքներում։ Դա մի գործատուն էր աղքատների համար։ Եվ այդ աղքատանոցում ծնվեց (հարկ չեմ համարում նեղություն կրել օրը և թվականը հիշելու, մանավանդ, որ դա ոչ մի արժեք չի կարող ներկայացնել ընթերցողի համար, գոնե այժմ, գործողությունների այս կանխահաս վիճակում) այն մահկանացուն, որի անունը նախատեսված է սույն գրքի վերնագրում։
Երբ մանուկը, ծխական բժշկի օգնությամբ, մուտք գործեց վշտի ու ցավերի այս աշխարհը, երկար ժամանակ բավականին կասկածելի էր թվում, թե արդյոք նա կապրե՞ր այնքան, որ կարողանար որևէ անուն կրել։ Եթե չապրեր, ավելի քան հավանական է, որ այս հուշագրությունները երբեք լույս չտեսնեին, կամ լույս տեսնելու դեպքում էլ, գրավելով մի քանի էջ, ամենահակիրճ ու ճշմարտացի կենսագրության նմուշը լինելու անգնահատելի արժեքը կունենային։ Շատ արտասովոր երևույթ, որևէ դարի կամ երկրի գրականության մեջ։
Թեև մտադիր չեմ հավաստիացնելու, որ աղքատանոցում ծնվելը ինքնին շատ բախտավոր ու նախանձելի երևույթ է մարդկային որևէ էակի համար, բայց և այնպես պնդում եմ, որ տվյալ առանձնահատուկ պարագայում դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել Օլիվեր Թվիստի հետ։ Փաստն այն է, որ բավականին դժվար եղավ Օլիվերին պարտադրել իր շնչառության հոգսը վերցնելու պարտականությունը, տաղկտկալի մի վարժություն, որը, այնուամենայնիվ, սովորությունը անհրաժեշտ է դարձրել մեր հեշտագին գոյության համար։ Եվ այսպես, միաժամանակ, նա շնչասպառ պառկեց բրդյա փոքրիկ և կոշտ ներքնակի վրա, անհամաչափ տատանվելով այս և մյուս աշխարհի միջև, հավասարակշռության նժարը հաստատապես թեքելով դեպի վերջինը։ Անշուշտ այդ կարճ միջոցի ընթացքում, եթե Օլիվերը շրջապատված լիներ հոգատար տատիկներով, տագնապած մորաքույրներով, փորձառու դայակներով և հմուտ բժիշկներով, անկասկած և անխուսափելիորեն, իսկույն կմահանար։ Բայց, քանի որ նրա մոտ ոչ ոք չկար բացի մի աղքատ պառավից, որի աչքերը գարեջրի անսովոր քանակից մշուշվել էին, և նման գործերը միայն պայմանագրով կատարող ծխական բժշկից, Օլիվերն ու Բնությունը իրենց միջև պայքարեցին այդ հարցի լուծման համար։ Եվ արդյունքը եղավ այն, որ որոշ ճիգ գործադրելուց հետո Օլիվերը շնչեց, փռշտաց, ու մինչդեռ երեք և քառորդ րոպե առաջ զրկված էր ճչալու շնորհից, այժմ արական սեռի երեխային հատուկ զիլ ձայնով բարձր ճչաց և դրանով ավետեց աղքատանոցի բնակիչներին, թե մի նոր բեռ է ավելանում իրենց ծխի վրա։
***
Օլիվերը իր տիրոջ հետ մասնակցում էր նաև մեծահասակների հուղարկավորություններին։ Այդ պատճառով նա շատ առիթներ ունեցավ նկատելու, որ կորովի և ուժեղ մարդիկ ինչպիսի մոտեցում էին ունենում կյանքի ծանր վշտերի ու անվերադարձ կորուստների նկատմամբ։
Օրինակ, երբ Սովերբերրին որևէ հարուստ լեդիի կամ ջենթլմենի թաղման պատվեր էր ստանում, մահացողի բազմաթիվ եղբորորդիներն ու զարմուհիները, որոնք դեռ երեկ իրենց հարազատի հիվանդության ընթացքում անմխիթար լինելով՝ իրենց վիշտը անգամ ամենամեծ բազմության մեջ չէին կարողացել զսպել, այսօր՝ թաղման օրը, իրար հետ խոսում էին այնքան զվարթ ու անտարբեր, ասես նրանց հանգիստը վրդովող ոչինչ չի պատահել։ Ամուսինները իրենց կանանց կորուստը տանում էին հերոսական պաղարյունությամբ։ Կանայք նույնպես սգո շորեր հագնում էին ոչ թե ամուսինների մահը սգալու, այլ կարծես իրենց ավելի դուրեկան և գրավիչ դարձնելու ձգտումով։ Նկատելի էր նաև այն, որ շատ լեդիներ և ջենթլմեններ, որոնք թաղման արարողության ընթացքում հուզման տագնապալի նոպաներ էին ունենում, տուն հասնելիս գրեթե իսկույն հանդարտվում էին և իրենց թեյը խմում, ասես բոլորովին անվրդով։ Սրանք շատ հաճելի և խրախուսիչ երևույթներ էին Օլիվերի համար, և նա այդ բոլորը դիտում էր մեծ հիացմունքով։
***
Արկածախնդրական բոլոր մելոդրամաներում ընդունված սովորություն է դարձել զավեշտական ու ողբերգական պատկերները ներկայացնել այնքան ճշգրիտ հաջորդականությամբ, որքան սպիտակ և կարմիր շերտերը խոզապուխտի մեջ։ Դժբախտություններից ճնշված շղթայակապ հերոսը ընկնում է ծղոտե անկողնու վրա, հաջորդ պատկերում նրա հավատարիմ, բայց անգիտակ զինակիցը ունկնդիրներին հյուրասիրում է զավեշտական երգով։ Բացվում է մի այլ պատկեր, և մենք տեսնում ենք պատիվն ու կյանքը վտանգած հերոսուհուն՝ հպարտ ու անգութ ազնվականի երկաթյա բազուկների մեջ մաքառելիս։ Մեր հայացքները հառած սրտատրոփ հետևում ենք, թե նա ինչպես է դաշույնը խրոխտաբար մերկացնում՝ կյանքի գնով պաշտպանելու իր պատիվը, և ճիշտ այդ պահին, երբ մեր հուզումը հասնում է իր գագաթնակետին, լսվում է մի սուլոց, և մենք իսկույն տեղափոխվում ենք դղյակի հսկա դահլիճը, որտեղ մի սպիտակահեր ֆեոդալ ինչ֊որ ծիծաղելի խմբերգ է երգում իր առավել ևս ծիծաղելի արբանյակների հետ, որոնք, զերծ լինելով բոլոր կաշկանդումներից, սկսած եկեղեցիների կամարներից մինչև պալատները, խմբով թափառում են տեղից տեղ, այսպես հավերժորեն տաղերգելով։
Այսպիսի փոփոխությունները թեպետ առաջին հայացքից արտառոց են երևում, բայց թափանցելով նրանց խորքը՝ մենք կարող ենք տեսնել և համոզվել, որ այնքան էլ անբնական չեն։ Իրական կյանքում պատկերների հարափոխությունը խնջույքի սեղաններից դեպի մահվան մահիճները կամ սգո հանդերձներից դեպի տոնական շքեղ հագուստները նույնքան զգայացունց երևույթներ են, որքան թատերական ներկայացումները, այն հսկայական տարբերությամբ միայն, որ մեկում լոկ անգործուն դիտորդներ ենք, իսկ մյուսում՝ գործուն դերակատարներ։ Երբ բեմում դերասանները անտարբեր են իրենց մարմնավորած կերպարների հանկարծական ներմղումներին, վայրագ կրքերին ու զգացմունքներին և լրիվ չեն կարող դրսևորել այդ կերպարը, հանդիսատեսը իսկույն դատապարտում է նրանց, որպես այլանդակ և հակաբնական կատարողների։
***
Շատ ցուրտ գիշեր էր։ Գետնին նստած ձյունը սառել, վերածվել էր հաստ, կարծես կեղևի։ Մոլեգնած քամին անկյունները քշած ձյան կույտերն ամեհի ամպերի նման բարձրացնում էր երկինք, պտտեցնելով առաջացնում հազարավոր մշուշապատ հորձանքներ և ցրում օդի մեջ։ Բուք էր, խավար, սառնամանիք։ Այնպիսի գիշերներից էր, երբ ճոխ բնակարանում կուշտ ապրող մարդիկ, բոլորվելով բոցկլթացող կրակի շուրջ, փառք են տալիս աստծուն, որ իրենց տանն են գտնվում, իսկ անտուն ու սովատանջ թշվառականը լքված մեռնում է մայթերի վրա։ Այսպիսի ժամանկներում որքա՜ն սովահար արարածներ իրենց աչքերը փակում են մեր ամայի փողոցներում, և ինչպիսին էլ լինեն նրանց հանցագործությունները այս աշխարհի մեջ, դժվար թե ավելի մեծ դառնություններ ճաշակեն անդենականում։
Այսպես էր պատկերը դրսում, երբ միսիս Քորնին, աղքատանոցի տեսչուհին, այն աղքատանոցի, որ մեր ընթերցողներին արդեն ծանոթ է որպես ծննդավայրը Օլիվեր Թվիստի, իր փոքրիկ սենյակում մի զվարթ կրակի առաջ նստած, գոհունակությամբ նայում էր ինչ֊որ կլոր, փոքրիկ սեղանի, որի վրա կար համապատասխան չափսի մի ափսե՝ լցված տեսչուհիներին վայել բոլոր անհրաժեշտ համադամներով։ Բանն այն էր, որ միսիս Քորնին պատրաստվում էր թեյելու։ Երբ նա հայացքը սեղանից տեղափոխեց բուխարիկին, որի վրա թեյամաններից ամենափոքրիկը մի ինչ֊որ քնքուշ մեղեդի էր մրմնջում քնքուշ ձայնով, միսիս Քորնիի ներքին գոհունակությունը այն աստիճան ավելացավ, որ նա ժպտաց։
― Օ՜հ, ― ասաց տեսչուհին, արմունկը սեղանին հենելով և մտախոհ նայելով կրակին։ ― Որքա՜ն պատճառներ ունենք երախտապարտ լինելու, եթե միայն գիտակցեինք այդ բանը։
Միսիս Քորնին գլուխը վշտահար թափահարեց, ասես խղճալով այն աղքատների հոգեկան կուրությունը, որոնք այս պարագան անտես էին առնում, և արծաթյա գդալը (սեփական հարստություն) խրելով ինչ֊որ փոքրիկ թիթեղյա տուփի ամենախոր անկյունները, սկսեց թեյ պատրաստել։
Չնչին մի երևույթ հաճախ ինչպես է խռովում մեր հոգու անդորրը։ Գորշ թեյամանը շատ փոքրիկ լինելու պատճառով հորդեց, և մինչդեռ միսիս Քորնին խորհրդածում էր, եռացող ջուրը թեթև այրեց միսիս Քորնիի ձեռքը։
― Գրո՛ղը տանի այդ թեյամանը, ― ասաց արժանավոր տեսչուհին, թեյամանը իսկույն վար դնելով, ― մի փոքրիկ, հիմար թեյաման, որ կարող է միայն մի քանի բաժակ թեյ պարունակել։ Ո՞ւմ է հարկավոր այս անպետք թեյամանը, ― ասաց միսիս Քորնին ցածրաձայն, ― բացի ինձ նման խղճուկ ու լքյալ մի արարածից։ Օ՜հ, աստվա՜ծ։
Այս խոսքերով տեսչուհին նստեց աթոռին և, արմունկը նորից հենելով սեղանին, սկսեց մտածել իր մանկանց ճակատագրի մասին։
Փոքրիկ թեյամանը և իր առջև դրված միակ բաժակը անցյալի տխուր հիշատակներ էին զարթնեցրել նրա մեջ։ Նա հիշեց իր ամուսնուն՝ միստր Քորնիին, որը մահացել էր ոչ ավելի քան քսանհինգ տարի առաջ, և հուսալքությունը համակեց նրան։
― Էլ երբեք նմանը չեմ ճարի, ― ասաց միսիս Քորնին սրտնեղությամբ, ― էլ երբեք նմանը չեմ ճարի։
Մեզ համար պարզ չէ, թե ակնարկությունը ում էր վերաբերում․ ամուսնո՞ւն, թե թեյամանին։ Գուցե խոսքը վերջինի մասին էր, քանի որ միսիս Քորնին խոսելիս թեյամանին նայեց ու հետո էլ վերցնելով այն՝ թեյ լցրեց իր համար։
***
Նա քայլեց համառորեն, մինչև քաղաքից հեռանալով թաղվեց ամայի պողոտայի մթության մեջ, բայց այստեղ նրան համակեց այնպիսի ահ ու սարսափ, որ ցնցվեց նրա ողջ էությունը։ Ճանապարհին պատահող յուրաքանչյուր առարկա, շոշափելի թե ստվերի երևույթով, շարժվող թե անշարժ, բոլորը ընդունում էին որևէ ահավոր էակի տեսք, բայց այս երկյուղը ոչինչ էր համեմատած նրան հալածող այն մտքի հետ, որ առավոտվա զարհուրելի կերպարանքը կրնկակոխ հետևում էր իրեն ամենուրեք։ Նա խավարի մեջ կարող էր նշմարել դրա ստվերը, կարող էր ճշգրիտ կերպով վերականգնել դրա ուրվագիծը իր բոլոր մանրամասնություններով և տեսնել, թե որքան անթեք ու հանդիսավոր էր նրա սիգաճեմ քայլվածքը։ Սաղարթների միջից նա կարող էր լսել նրա հանդերձների խշշյունը, և քամու ամեն մի ալիքը իր հետ բերում էր նրա վերջին հեծեծանքը։ Երբ կանգ էր առնում, այս կերպարանքը նույնպես կանգ էր առնում։ Երբ վազում էր, այն հետևում էր նրան ոչ թե վազելով, ― այդ թեթևացում կլիներ, ― այլ շարժվելով մեքենական կյանքով օժտված մի դիակի նման, որին մի մելամաղձոտ, միապաղաղ քամի դանդաղորեն քշում է առաջ, քամի, որ ո՛չ սաստկանում է, ո՛չ մեղմանում։
Երբեմն հուսահատ վճռականությամբ շուռ էր գալիս իրենից վանելու համար այս ուրվականը, չնայած դրան նայելը մահու չափ զարհուրելի էր նրա համար, բայց մարմինը փշաքաղվում և արյունը սառում էր երակների մեջ, քանի որ իր հետ միասին շուռ էր գալիս նաև այդ ուրվականը՝ կանգնելով նրա հետևում։ Այդ առավոտ դա իր առջևում էր եղել, իսկ այժմ շարունակ իր հետևում էր։ Նա մեջքը դեմ արեց ինչ֊որ թմբի, բայց զգաց, որ իր վերևում է․ պարզ տեսավ նրան ցուրտ գիշերվա երկնակամարի հենքին։ Նա իրեն գցեց գետին, մեջքի վրա պառկեց հենց պողոտայի եկյանքով, բայց ահա գլխավերևում կանգնած էր ուրվականը լուռ, ուղղաձիգ ու անշարժ՝ կենդանի մի տապանաքար, արյունով գրված դամբանագրով։
Թող ոչ ոք չխոսի ոճրագործների՝ արդարությունից խուսափելու մասին և չակնարկի, թե նախախնամությունը քնած է։ Այդ տանջալից երկյուղի մեկ երկար րոպեում մի քանի տասնյակ ահավոր մահեր կային։
Ճանապարհին, դաշտի մեջ, որտեղով անցնում էր, տեսավ ինչ֊որ սայլատուն, ուր կարելի էր գիշերել։ Դռան առջև գտնվող երկնասլաց բարդիների պատճառով սայլատունը չափազանց մութ էր, իսկ քամին ողբաձայն հեծեծում էր սաղարթների մեջ։ Բայց ի վերջո չէր կարող մինչև առավոտ քայլել, և այդտեղ էլ պառկեց հենց պատին շատ մոտիկ, ենթարկվելով նորանոր տանջանքների։
Որովհետև այժմ նույն համառությամբ նրան սկսեց հալածել մի ուրիշ տեսիլք, որը ավելի ահավոր էր, քան այն մեկը, որից նա խույս էր տվել։
Այդ լայն բացված, անփայլ, սառը, ապակենման աչքերը, աչքեր, որ ավելի նախընտրելի էր տեսնել, քան մտածել դրանց մասին, հայտնվեցին խավարում որպես լուսավոր կետեր, որոնք, սակայն, ոչինչ լուսավորել չէին կարող։ Երկուսն էին դրանք, բայց ամենուրեք էին։ Երբ մարդասպանը փակում էր աչքերը, աշխատելով իրենից վանել այդ տեսիլքը, իր առաջ ներկայանում էր սենյակը բոլոր մտերիմ և ծանոթ իրերով, որոնցից շատերը արդարև մոռացած կլիներ, եթե փորձեր մի առ մի թվել հիշողությամբ, ամեն ինչ իր սովորական տեղում։ Դիակը նույնպես իր տեղում էր, և աչքերը մնում էին ճիշտ այնպես, ինչպես ինքը վերջին անգամ տեսել էր սենյակից գաղտագողի դուրս սողոսկելիս։ Նա վեր թռավ տեղից և սարսափահար վազեց դեպի դաշտերը։ Կերպարանքը նրան հետևում էր։ Նա նորից սայլատուն մտավ և մի անգամ էլ կուչ եկավ հատակին, բայց աչքերը հայտնվեցին նույնիսկ իր պառկելուց էլ առաջ։
Ահ ու սարսափից դողալով և ողջ մարմինը ծածկված սառը քրտինքի կաթիլներով, նա կծկվել֊նստել էր այնտեղ, երբ հանկարծ, գիշերվա քամու հետ միասին նրա ականջին բախվեցին խուլ ճիչեր և խառնաշփոթ ու զարհուրած աղաղակներ։ Որևէ մարդկային ձայն այդ ամայի վայրում, ինչ փույթ, թե դա ինչ֊որ սարսափելի բան էր ազդարարում, սփոփանք էր ոճրագործի համար։ Իր անձին սպառնացող վտանգի առջև նա վերագտավ ուժն ու կորովը և, տեղից վեր թռչելով, վազեց դուրս, դեպի դաշտերը։
Երկնակամարի անհունը ասես բռնկել էր։ Հրեղեն լեզուների հետ մեկտեղ վեր էին բարձրանում կայծերի անհամար խրձեր և մեկը մյուսի հետևից գալարվելով լուսավորում էին մղոններ, մղոններ հեռու, թանձր ծուխը քշելով այն ուղղությամբ, ուր նա էր գտնվում։ Ժխորը ավելի սաստկացավ, և նրա ականջին հասան «հրդեհ» աղաղակող ձայներ, վերևից վայր ընկնող ծանր իրերի դղրդյունի հետ միախառնված ահազանգի չարագուշակ հնչյուններ, և կրակի ճարճատյուն, որ առաջանում էր, երբ բոցերը, վիթխարի վիշապի նման պլլվելով որևէ մարմնի շուրջ, ասես նոր թափ ստացած սլանում էին վերև։ Դիտելիս՝ աղմուկը ավելի ու ավելի սաստկացավ։ Բազմություն կար այնտեղ, տղամարդիկ, կանայք, լույս, շարժում։ Կարծես այդ մի նոր կյանք էր նրա համար։ Նա սկսեց խելահեղորեն վազել, ճեղքելով դաշտերը, իր ծանր կրնկի տակ ճմլելով թփուտներն ու մորենիները, կատաղի մոլուցքով սլանալով դարպասների ու ցանկապատների վրայից ինչպես իր շունը, որը բարձրագոչ հաչելով՝ արշավասույր գնում էր առջևից։