ԳլխավորԿրթություն

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը իր անվստահությունն է հայտնում աշխատանքային խմբին և անվերապահ մերժում ծրագրերը

Օրեր առաջ ԶԼՄ-ների տարբեր հարթակներում ծավալվեցին հանրային քննարկումներ վերոնշյալ ծրագրերի և չափորոշիչների («Հայոց լեզու 7–12-րդ դասարաններ» եւ «Գրականություն 7–12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչներ եվ ծրագրեր) շուրջ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Նարինե Դիլբարյանը։

«Արտահայտվեցին շատ ու շատ մտավորականներ, այդ թվում` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Ֆեյսբուքյան տիրույթներում հեղինակային խումբը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ կատարվում են փոփոխություններ հրապարակ նետված սևագրության մեջ (խմբի անդամների բնորոշումն է), և շուտով հանրության դատին կներկայացվեն նոր` փոփոխված և լրամշակված չափորոշիչ ու ծրագիր:

Սակայն, ինչպես և սպասելի էր 9-ամսյա ժամկետում միայն սևագրություն կազմելու հմտություն ունեցող խմբից, հրամցվեց երկրորդ` լրամշակված սևագրությունը` միայն մասնակիորեն փոփոխված «Գրականության» ծրագրով: Արդեն իսկ բացահայտ է, որ հեղինակային խումբը հարկադիր համառությամբ կա՛մ ցանկություն չունի, կա՛մ ի զորու չէ ընդառաջ գնալու հանրության զգալի մեծամասնության պահանջին: Ավելին` առանց բազմակողմ մասնագիտական քննարկումների, օտար չափորոշիչների ապաշնորհ թարգմանությամբ ստացված ծրագրի տեղայնացումից ծնված անտեղի ոգևորությամբ ակնհայտորեն փորձ է արվում հայագիտության մեջ անուրանալի վաստակ ունեցող գիտնական մտավորականներին «դասդասելու» հնի և նորի կեղծ սահմանաբաժաններում:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը ձեռնպահ է մնալու հարցի այդօրինակ քննարկումներից: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները` հայ բանասիրության ֆակուլտետը հայտնում է իր խոր մտահոգությունը այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, իր անվստահությունն է հայտնում աշխատանքային խմբին և անվերապահ մերժում ծրագրերը հիմնավոր պատճառներով:

Պատճառները կետ առ կետ՝ համապատասխան ընդարձակ փաստաթղթում, որ ներկայացվել է մամուլին և շահագրգիռ ատյաններին»:

Comment here