ԳլխավորԼուր

Անցկացվել է «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների ատեստավորումը

Ժաննա Անդրեասյան

Այսօր անցկացվեց հայոց լեզվի կամավոր ատեստավորումը, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ինչ որ հիմա գրում եմ, գիտեմ, որ միանշանակ չի ընկալվի, բայց գրում եմ, որովհետև ավելի կարևոր եմ համարում մարդկանց ուժի ու կենսունակության փաստը նշել, քան այն քննադատությունը, որ կարող է լինել։

Այսօր անցկացվեց հայոց լեզվի կամավոր ատեստավորումը։ Ուսուցիչները եկել էին ատեստավորման նաև Վայոց Ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում։

Չնայած բոլոր խնդիրներին ու իրավիճակին, մարդիկ իրենց մեջ ուժ էին գտել ու եկել էին։ Եղեգնաձորում հնարավորություն ունեցա տեսնել, թե ինչ ուժեղ են մեր ուսուցիչները՝ թեկուզ միայն իրենց գալու, այս իրավիճակում կենտրոնանալու, իրենց վարքով օրինակ հանդիսանալու փաստով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Սա, վստահ եմ, ոչ պակաս կարևոր դաս է ձեր սովորողներին։

Գիտեմ, որ այսօր դասերն էլ դպրոցում բոլորովին հեշտ չեն, բայց դրանք դառնում են նաև փոխօգնության, հոգեբանական աջակցության, արժեքային դաստիարակության միջավայր։

Եթե մեր ուսուցիչները գտնում են ուժն ու հաստատակամությունը՝ իրենց պլանավորածն ու անելիքն անելու, մնացած բոլորս ուղղակի պետք է հետևենք նրանց»,-նշված է գրառման մեջ։

Հավելենք՝ ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել էր, որ հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում:

 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:

Հավելենք, որ կամավոր ատեստավորման ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների: