ԳլխավորԼուրԿրթություն

Հայերենի թեստերը տանջանք են, մոլորեցնում են անգամ ուսուցիչներին. Նարինե Դիլբարյան

Դիմորդ, քննություն

2023 թ. հունվարին կայացած միասնական քննություններին հայտագրվել էր 6856 դիմորդ, հունիսին՝ 13 456 դիմորդ: Այս մասին Usanogh.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանից:

Usanogh.am-ը, ամփոփելով երկրորդ փուլի արդյունքները, առանձնացրել է մի քանի ուշագրավ նկատառում: Այսպես` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից երկրորդ փուլում եղել է 4193 դիմորդ, միջին միավորը 12.23 է, անբավարար է ստացել քննություն հանձնածների 14.8 տոկոսը, 18-20 միավոր է ստացել 12.6 տոկոսը: 20 միավոր է ստացել 20 դիմորդ: Ի դեպ, առաջին փուլում եղել է 1968 դիմորդ, միջին միավորը եղել է 10.84, անբարար են ստացել դիմորդների 23.3 տոկոսը, իսկ բարձրագույն միավորներ ստացել են քննություն հանձնածների 5.5 տոկոսը:

Հետաքրքրիր է, որ մայրենի լեզվի միջին գնահատականը զիջում է օտար լեզվի, մասնավորապես` անգլերենի միջին միավորին: Այսպես`  երկրորդ փուլում անգլերենից քննություն է հանձնել 5370 դիմորդ, միջին միավորը 13.25 է, անբավարար է ստացել դիմորդների 12 տոկոսը, 18-20 միավոր՝ 16.4 տոկոսը, 20 միավոր է ստացել 5 դիմորդ: Նշենք, որ առաջին փուլում եղել է 3080 դիմորդ, միջին միավորը՝ 12.87, անբավարար է ստացել 15.7 տոկոսը, 18-20 միավոր՝ 16.9 տոկոսը:

ԵՊՀ դոցենտ, բանասեր Նարինե Դիլբարյանը Usanogh.am-ի հետ զրույցում պնդում է` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միջին միավորը խիստ ցածր է, և առաջին տարին չէ, որ նման ցուցանիշ ենք գրանցում:

«Ամեն տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից հետո մասնագետների կողմից հնչում են բազմաթիվ բողոքներ, որոնք, սակայն, անտեսվում են: Իրականում երկու կարևորագույն խնդիր կա` դպրոցներում այս առարկային բավականաչափ ժամաքանակ չի տրամադրվում, և այն մատուցվում է ոչ հետաքրքիր, հնացած մեթոդներով, դասագրքերը ևս որևէ հետաքրքրություն չեն առաջացնում առարկայի նկատմամբ: Երկրորդ խնդիրն այն է, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերը տանջալի են և տաժանակիր աշխատանք են պահանջում, այն հարցերը, որոնք ներառված են, հաճախ գործնական կիրառություն չունեն, դպրոցում լավ առաջադիմություն ունեցող աշակերտը կարող է 8-9 միավոր էլ չհավաքել: Հաճախ նույնիսկ ուսուցիչներն են խճճվում այդ թեստերում»,-շեշտում է տիկին Դիլբարյանը:

Նրա խոսքով` թեստերով պետք է գնահատվեն ապագա ուսանողի` գործնական հայերենը կիրառելու հմտությունները: Իսկ, օրինակ, հնչյունափոխությանը, վանկատմանը, քերականությանն ու շարահյուսությանը առնչվող մի շարք թեմաներ, որոնք ներառված են թեստերում, որևէ աղերս չունեն կիրառական հայերենի հետ:

«Դիմորդը պետք է լավ իմանա ուղղագրություն, կետադրություն, պետք է ճիշտ կազմի նախադասություն. սրանց վրա է պետք շեշտը դնել: Բայց դիմորդին կարծես մոլորեցնում են գնահատականն արհեստականորեն իջեցնելու համար: Հաճախ թեստերում ներառվում են երկիմաստ, բազմիմաստ հարցեր. չպետք է այդպես լինի: Նորակազմությունները թեստերից դուրս են մնում, փոխարենը գրաբարյան ոչ գործածական բառերն են երևան գալիս: Իսկ անգլերենի թեստերը պարզ են, հասկանալի և հակիրճ, դիմորդների շրջանում դրանց հանդեպ սարսափ չի առաջանում»,-եզրափակեց ԵՊՀ դոցենտը:

Հիշեցնենք, որ 2022-ին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գծով ունեցել ենք 5142 դիմորդ, միջին միավորը եղել է 11.96, անբավարարները կազմել են 15.7 տոկոսը, իսկ բարձր գնահատականները՝ 9.8 տոկոս, իսկ անգլերենից քննություն էր հանձնել 5502 դիմորդ, միջին միավորը 13.71 էր, անբավարարների տոկոսը կազմել էր 9.7, 18-20 միավորներինը՝ 20.6:

Հավելենք, որ հուլիսի 9-ին ավարտվել է ընդունելության քննությունների 3-րդ փուլը։

Հիշեցնենք՝ բուհական ընդունելության մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երեք փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը թափուր մնացած տեղերի համար: Դրան մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ