ԳլխավորԼուր

Նոր չափորոշիչը 10-րդ դասարանում չի ներդրվի՝ պայմանավորված դասագրքերի պակասով

Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա նախաշեմին օգոստոսի 30-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով նոր չափորոշչի ներդրման փուլային աշխատանքների ընթացքը:

«Ողջ տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և դեռ շատ անելիքներ կան: Նոր ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի նոր չափորոշիչը 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Այս ընթացքում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը իրականացրել է վերապատրաստումներ՝ նախապատրաստելու ուսուցիչներին: Դրանք իրականացվել են մենթոր դպրոցների միջոցով, որոնց ցանկը հաստատվել է Կառավարության կողմից»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նոր չափարոշչի ներդրմամբ պայմանավորված՝ նախանշված դասարաններում կփոխվեն նաև դասագրքերը: Ըստ այդմ նոր ստեղծված դասագրքեր կտրամադրվեն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններին՝ հաշվի առնելով, որ չափորոշիչը ներդրվում է միայն նշված դասարաններում:

Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռևս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին, և ներկայացված հայտերն ուղարկվել փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած և նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են:

«Սակայն ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում: Յուրաքանչյուր ուսուցիչ էլեկտրոնային մատյանի համապատասխան էջում կարող է տեսնել էլեկտրոնային դասագրքի հղումը: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին. օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նոր ստեղծվող դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից մի քանի օրվա թեմաների նյութերը տպագրել և տրամադրել աշակերտներին մինչև նոր դասագրքերի տպագրումը: Իհարկե, աշակերտները նույնպես կարող են էլեկտրոնային դասագիրքը ներբեռնել»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ շեշտելով, որ նախարարությունն ակնկալում է մանկավարժների և ծնողների համագործակցված աշխատանքը անցումային փուլի բարդությունները հաղթահարելու հարցում:

Ըստ փոխնախարարի՝ ակնկալվում է մանկավարժական հանրույթի և ծնողների արձագանքը նոր ստեղծված դասագրքերի վերաբերյալ, ինչը թույլ կտա հստակեցնել՝ որոնք կվերախմբագրվեն, որոնք՝ կշարունակեն գործարկվել:

«Դասագրքերի ստեղծման գործընթաց տեղի չի ունեցել ավելի քան 17 տարի, և այն հետաքրքրական էր ինչպես դասագրքաստեղծ խմբերի, այնպես էլ փորձաքննողների գործունեության տեսանկյունից: Ձեռք բերած փորձառությունը կկանխի գործընթացի հաջորդ փուլերում ենթադրյալ խնդիրները»,- հույս է հայտնել նա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ թեև նախապես ծրագրված էր, սակայն նոր չափորոշիչը 10-րդ դասարանում չի ներդրվի՝ պայմանավորված դասագրքերի պակասով:

«10-րդ դասարանում 10-ից ավելի պակաս դասագրքեր կան, ուստի չափորոշիչը այս դասարանում կներդրվի հաջորդ ուսումնական տարում: Նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ, և 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն, այս դասարաններում ևս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ, և 7-րդ դասարաններում, այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի և նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- ասել է փոխնախարարը:

Լրագրողները Արաքսիա Սվաջյանի ասուլիսի ժամանակ
Լրագրողները Արաքսիա Սվաջյանի ասուլիսի ժամանակ