ԳլխավորԼուր

ԿԳՄՍՆ-ն ու «Էդիթ Պրինտ»-ը անդրադարձել են ադրբեջանական դրոշի գույներով դասագրքի թեմային

5-րդ դասարանի մայրենիի դասագրքեր

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում օգտատերերը սեպտեմբերի 24-ից տարածում են «Մայրենի 5»-ի երկու դասագրքի լուսանկարներ, որոնցից մեկի վրա պատկերված է հայկական դրոշ, մյուսի վրա նույն տեղում ադրբեջանական դրոշի գույներն են։

Անդրադառնալով թեմային՝ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ։

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5» նոր դասագիրքը (Մայրենի 5–րդ դասարանի դասագիրք, Ա․ Գալստյան, Թ․ Թովմասյան, «Էդիթ Պրինտ» հրատ․, Երևան 2023), որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել և առաքվել է դպրոցներ, ինչպես նաև հասանելի է դրա էլեկտրոնային տարբերակը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում և ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում՝ https://tinyurl.com/st7m7avt: Նոր դասագրքերի գործածությամբ՝ նախկին դասագրքերը դպրոցներում այլև չեն օգտագործվում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը (1-ին մաս, 2-րդ մաս, հեղինակներ՝ Դավիթ Գյուրջինյան, Թամարա Ալեքսանյան, Աշոտ Գալստյան, «Էդիթ Պրինտ» հրատարակություն) առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և մինչև 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում` dshh.am, հրապարակված են դպրոցներում օգտագործված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որտեղ նշված դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով` https://tinyurl.com/3era57ea:

Նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբևէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար: Համացանցում շրջանառվող լուրերը, թե նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են և աղերս չունեն իրականության հետ:

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և կոչ ենք անում չտրվել հնարքի ազդեցությանն ու անհարկի մանիպուլյացիաներին: Որևէ տեղեկատվություն տարածելուց կամ դրա վերաբերյալ քննարկում ծավալելուց առաջ անհրաժեշտ է դրա իսկությունը ստուգել պաշտոնական հարթակներում»,-հորդորում են նախարարությունից:

Թեմային արձագանքել է նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որը չի հերքել, որ նշված դասագիրքը տպագրվել է։

«Համացանցում տարածված «Մայրենի — 5» դասագիրքը որևէ առնչություն չունի նոր հաստատված դասագրքերի հետ։ «Մայրենի» առարկան տվյալ գրքով հանրակրթական դպրոցներում դասավանդվել է 2006 թվականից, իսկ շրջանառվող կազմով տարբերակը տպագրվել է սահմանափակ քանակով․ կոմերցիոն նպատակով վերատպվել է 2019 թվականին, երբ, առաջնորդվելով աշակերտների հարմարավետության սկզբունքով, դասագրքերը կիսվել են 2 մասի: Ավելին՝ տվյալ դասագիրքը այս տարի արդեն դուրս է եկել շրջանառությունից»,–նշված է պարզաբանման մեջ։