ԳլխավորԽճանկար

Լրջագույն բովանդակային բացթողումներ՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում. «Առավոտ»

Դասագիրք

2023 թվականին ՀՀ բոլոր Հանրակրթական ուսումնական հաստատություններում փուլային եղանակով ներդրվելու է նոր հանրակրթական պետական չափորոշիչը (ՀՊՉ), հիշեցնում է «Առավոտ» պարբերականը։

Օրինակ` 2023-2024 ուսումնական տարում նոր ՀՊՉ-ն ներդրվում է հանրակրթական դպրոցի միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Նոր ՀՊՉ-ն ենթադրում է նաև դասագրքերի փոփոխություն: Ըստ այդմ էլ օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ամփոփեց հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված դասագրքերի մրցույթները։

Հասարակությանն ու մասնագիտական շրջանակներին ներկայացրեց նոր ՀՊՉ-ով գրված դասագրքերը և ուսումնամեթոդական ուղեցույցները` նախատեսված հանրակրթական դպրոցի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար։ Այս պահի դրությամբ այդ դասագրքերը դեռևս հրատարակված չեն. տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք նախարարությունը կհասցնի 14 օրացույցային օրվա ընթացքում դասագրքերը հասցնել հիմնական շահառուներին։

Հիշեցնեմ նաև, որ նոր ՀՊՉ-ի ներդրման վերջնական փուլից հետո «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաները հանրակրթական ուսումնական հաստատություններում կդասավանդվեն ոչ թե 6-րդ դասարանից այլ 7-րդ դասարանից։ Ինչի արդյունքում այն ծրագրային նյութը, որը երեխան նախկինում անցնում էր հիմնական դպրոցի կրթական ծրագրի 6-րդ և 7-րդ դասարանի 1-ին կիսամյակում այսուհետ պիտի խտացված` «կիսատ-պռատ» անցնի 7-րդ դասարանի կրթական ծրագրով և այդպես մինչև 9-րդ դասարանը։ Իսկ ՀՊՉ-ի ներդրման վերջնական փուլում հանրակրթական դպրոցի առայկայացանկից վերջնականապես դուրս կգա «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։

Նոր ՀՊՉ-ով գրված դասագրքերից հետաքրքրական է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված` հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքը։ Նոր դասագրքի հեղինակը՝ պ. գ. թ., դոցենտ Սմբատ Խ. Հովհաննիսյանն է։ Նոր դասագիրքը ունի լրջագույն բովանդակային բացթողումներ.

  • Դասագրքի հեղինակը Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող խոշոր գետերի աշխարհագրությունը հստակ չի ներկայացնում` բավարարվում է միայն գետերի անունները թվելով։
  • Դասագրքում որևէ հիշատակություն չկա Վանա լճի 4 նշանավոր կղզիների վերաբերյալ։
  • Հեղինակը` Անանիա Շիրակացու «Աշխաերհացույց» աշխատությունը որպես սկզբնաղբյուր չի հիշատակում, երբ թվարկում է Մեծ Հայքի 15 նահանգները կամ գավառները։ Ավելին, գրքում զետեղված չէ Մեծ Հայքը կամ Հայաստանը ըստ «Աշխաերհացույց»-ի քարտեզը։
  • Հեղինակը հայ ժողովրդի ծագումնաբանության հարցին անդրադարձ է կատարել ընդամենը մի քանի տողով` չգիտես ինչո՞ւ կարևորելով հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ առկա տեսություններից Բալկանյանը և որոշակի լղոզված պատկերացում է տալիս բուն հայկական տեսության վերաբերյալ, որը հեղինակը անվանում է «տեղական» և նույնիսկ չի նշում, որ խոսքը «Հայկ և Բել» առասպելի մասին է։ Հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ մնացած բոլոր վարկածները (արաբական, վրացական, հին եբրայական և հունական) հեղինակը չի նկարագրում։

Բանն այն է, որ հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ Բալկանյան տեսությունը կամ վարկածը ընդհանրապես չի ընդունվում հայագիտության տեսակետից, ավելին այս թեզը պաշտպանում են թուրք պատմաբանները քանի-որ այդ տեսությունը «հիմնավորում» է հայ ժողովրդի եկվոր ոչ բնիկ ժողովուրդ լինելը իր հայրենիքում։ Ցավոք սրտի այսօր աշխարհում հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ առավել հայտնի վարկածը դա Բալկանյան տեսությունն է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։