ԳլխավորԼուր

Երեխաները հոգնում են ձանձրալի ուսուցչից, ոչ թե Նարեկացուց կամ Քուչակից. Հենրիկ Բախչինյան

Հենրիկ Բախչինյան

Հայ գրականության 10-րդ դասարանի դասագիրքը, ըստ նոր չափորոշիչների, սկսվում է հայ նոր գրականությամբ` Խաչատուր Աբովյանով, և ավարտվում Հովհաննես Թումանյանով, իսկ հայ  հին և միջնադարյան գրականությունը դասագրքի թղթային տարբերակում  առհասարակ տեղ չի գտնի. այն ներկայացված կլինի կրթահարթակում, այսինքն` սովորողը «քյուար» կոդի միջոցով կարող է միանալ օնլայն հարթակին և որպես լրացուցիչ գրականություն` ծանոթանալ հայ  հին և միջնադարյան գրականությանը:

Հայ գրականության 10-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Հենրիկ Բախչինյանը Usanogh.am-ի հետ զրույցում նշեց, որ շոկի է ենթարկվել այս որոշման մասին լսելիս. 

«Սա ծանր հարված է ոչ թե ինձ, թեպետ միջնադարյան հատվածի հեղինակը հենց ես եմ, այլ գրականագիտության բնագավառի համար: Սա խելքից դուրս որոշում է, հակագիտական, ապազգային մոտեցում: Եթե միջնադարյան գրականությունը համարվում է լրացուցիչ նյութ, համարեք, որ այն դուրս է մնալու դպրոցից, ոչ ոքի հայեցողությունը հօգուտ միջանադարի չի լինելու: Խայտառակություն է «Հայ գրականության» դասագիրքը սկսել Խաչատուր Աբովյանով: Դա նույնն է, թե հայոց պատմությունը սկսի 19-րդ դարից: Ինչպե՞ս կարելի է այն հարուստ ժառանգությունը, որն ունենք, և որին օտարները նախանձով են նայում, բռնել և դեն նետել ծրագրից»,-ասաց գրականագետը:

Նրա համոզմամբ` որպեսզի հայ հին և միջանադարյան գրականությունը հետաքրքրի սովորողներին, այն պետք է արդյունավետ մատուցել.

«Դա արդեն մանկավարժի հմտությունների, նրա մեթոդաբանության խնդիրն է, ոչ թե դասագրքի: Մեր ստեղծած դասագիրքը ես համարում եմ բավական արդյունավետ` այն  ո´չ ակադեմիական է, ո´չ պրիմիտիվ: Որքան էլ տարօրինակ է, դասագիրքը ուսուցչի համար է, ոչ թե սովորողի: Նա պետք է յուրացնի դասագիրքը և իր պրիզմայից մատուցի սովորողին այնպես, որ վերջինս հետաքրքրություն ցուցաբերի: Երեխաները հոգնում են ձանձրալի ուսուցչից, ոչ թե Սայաթ-Նովայից, Նարեկացուց կամ Քուչակից»,-շեշտեց Հենրիկ Բախչինյանը, որի համահեղինակած  դասագիրքը շրջանառության մեջ է  1992-ից:

Usanogh.am-ն ավելի վաղ  հայտնել է, որ սեպտեմբերից դպրոցներում կներդրվեն նոր չափորոշիչները, և, ինչպես ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր նշել, դասագրքերն էլ էականորեն կփոխվեն: