ԳլխավորԼուր

«Իրազեկման» մեջ ոչ մի բառ չկա եղած քննադատությունների մասին. Սեյրան Գրիգորյան

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ԿԳՄՍ նախարարության կայքում տեղադրվել է իրազեկում «Հայոց լեզու, գրականություն» առարկաների նոր չափորոշիչների մասին։

Փորձելով մոլորեցնել հանրությանը, ձեռնածություններով (իրենց սիրած բառով՝ «մանիպուլյացիաներով») շրջանցել հայոց դպրոցի ապագայի համար կենսական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ արտահայտված կարծիքները, քննադատություններն ու առաջարկները՝ նախարարությունը Լուկաշենկոյի սկզբունքով նույնությամբ կրկնում է այն, ինչ ներկայացրել է մոտ մեկ ամիս առաջ։ «Իրազեկման» մեջ ոչ մի բառ չկա եղած քննադատությունների և դրանց նկատմամբ նախարարության կամ առարկայական հանձնախմբի վերաբերմունքի մասին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը։

«Այսպիսով՝ շրջանցվում և բաց են մնում հետևյալ կարևորագույն հարցերը․
1.Առարկայի անվանման՝ ավագ դպրոցում «Հայ գրականություն» անվանումը պահելու խնդիրը
2.Պարտադիր և լրացուցիչ ընթերցանության վերջնական ցանկերի հարցը
3.Ծրագրում ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների ընդգրկման չափի և կերպի հարցը։

Գրականության ուսուցման չափորոշիչների մեջ, բացի այս երեքից, կան նաև տասնյակ այլ պահեր։ Բայց մասնագետների, բուհական և գիտահետազոտական հիմնարկների հանգամանալից փաստարկումները կրկնելուց խուսափելով՝ հայտարարում եմ հետևյալը.

Քննադատությունն ու այլակարծությունը արհամարհելը հարիր չէ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը։ Հենց կրթության և գիտության բնագավառում մասնագետների նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունք չի եղել ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։

Հնչեցնելով այն հիմնավորումը, որ ժողովուրդը իրենց մանդատ է տվել, Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսները չարաչար սխալվում են։ Այդ մանդատը տվել ենք մենք և այլևս չենք տա, եթե դուք շարունակեք նույն գործելաոճը, արհամարհեք ձեզ ընտրողների ցանկությունները և առաջնորդվեք «մեկ է, անցկացնելու ենք», «մեզ ոչինչ չի շեղի» և համանման այլ մտքերով։ Այս ճանապարհով դուք այլևս երբեք չեք ընտրվի, իսկ հասկանալու համար, թե ինչ է լինում չընտրվածների հետ, հայացքով ուղղվեք դեպի Բելառուսի Հանրապետություն»,-նշված է գրառման մեջ։

Comment here