Երեք շաբաթ առաջ ես գրելի էի հանրակրթական նոր չափորոշիչների մասին, մանրամասն վերլուծության հիման վրա ցույց տվել, որ այն ընդհանուր նպատակ ունի՝ նվազեցնել կրթության մեջ ազգային բովանդակությունը, փոխարենը ավելացնելով կրթության ուտիլիտար բաղադրիչները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Այն ժամանակ իշխանության մի շարք կողմնակիցներ փորձեցին վիճարկել դա, պնդելով, որ ոչ մի միտում չկա, սակայն դրան հետևած հանրային քննարկումները ցույց տվեցին, որ այն հաստատ կար, և ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ փորձեց տարբեր հիմնավորումներ գտնել «սվաղելու» առավել ակնհայտ խնդիրները՝ օրինակ, որ ՆԶՊ առարկան անպայման տեղ կգտնի չափորոշիչներում ՊՆ հետ համաձայնեցումից հետո, և կամ դպրոցները իրենց հայեցողությամբ կարող են ավելացնել հայոց լեզվի ուսուցման ժամանաքանակը, և այլն։
Անցած շաբաթ պարզ դարձավ նաև, որ ընդհանուր հանրակրթական չափորոշիչների ապազգայնացման միտումը շարունակելու են գալիս առարկայական չափորոշիչները։ Ամենաբուռն արձագանքը ստացավ հայոց գրականության առարկան, երբ պարզ դարձավ, որ ավագ դպրոցից ընդհանրապես հանվում է «Հայոց գրականությունը», և փոխարինվում է «Գրականություն» առարկայով, որում միախառնված են հայոց և համաշխարհային գրականության տարրեր, և հայկական մասում էլ էապես նվազեցված է հայոց դասական գրականության բաղադրիչը։ Այստեղ էլ միտումը նույնն է՝ ներկայացնել հայոց դասական մշակույթը որպես «արխայիկ», այսօրվա կյանքին ուղղակի առնչություն չունեցող, այն փոխարինել արտասահմանյան գրականությամբ, կամ որոշ դեպքերում ժամանակակից հայկականով, և ներկայացնել դա որպես «առաջադիմություն»։
Սակայն հայոց դասական գրականությունը մեր արժեհամակարգային հիմքն է, մեր ինքնության իրական առանցքը։ Հայերս դրանով ենք տարբերվում շատ ուրիշ ազգերից, որ խորապես սերտաճած ենք մեր պատմության հետ, և մեր մշակույթը շարունակական է և օրգանապես փոխկապակցաված։ Հայ անհատը, սնվելով նրա շտեմարանից, կայանում է մեր հավաքական քաղաքակրթական առաքելության գիտակցությամբ, աշխարհի ցանկացած կետում շարունակում է պահպանել հավատարմությունը ազգին և հայրենիքին, և դա մեզ միավորում է որպես մի հզոր հավաքականություն։ Ունենալով այդ ամուր հիմքը, մնացած ամենը նաև էապես հեշտ է վրան ավելացնել, և իրականության մեջ հենց այդպես էլ տեղի է ունենում։
Բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը, շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, և բոլորովին պատահական չեն դա անում։ Նրանց պետք է հնազանդ հայի տեսակ, որը այլևս հասու չի լինի իր պատմությանը, որը կապրի միայն օրվա հրամայականով, որը կդառնա էժան և հեշտ ենթարկվող աշխատուժ՝ պտտացնելու համաշխարհային տնտեսության բազմաթիվ պտուտակներից մեկը։ Նրանց աղճատված պատկերացմամբ, դա նույնիսկ բարիք է հայերի համար, քանի որ կտրելով նրան իր պատմությունից, կտրում ես նաև այդ պատմության դժբախտ էջերից, և հնարավորություն տալիս «խաղաղ և բարեկեցիկ» ապրել ժամանակակից աշխարհում։ Սա սակայն խորագույն մոլորություն է, և իրականում մի քանի սերունդի ընթացքում կբերի ազգի տարալուծման և ազգային պետության կորստի։
Այսօր, կռիվ տալով «Հայոց գրականություն» առարկայի համար, մենք կռվում ենք ոչ միայն մեր պատմության, այլև մեր ապագայի համար, այն ապագայի, որում մենք շարունակում ենք ապրել որպես հայ, և դաստիարակել արժանապատիվ և նվիրյալ հայ զավակներ։ Ես ուրախ եմ, որ հասարակության ակտիվ մասը հենց այս գիտակցությամբ է ընկալում հարցը, և անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ ձևերով արտահայտեց իր ընդվզումը։ Համոզված եմ, որ այն անարդյունք չի անցնի, և մենք առաջիկայում միահամուռ ուժերով կկարողանանք հետ մղել մեր ինքնության դեմ կազմակերպված այս հերթական հարձակումը»։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։