ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «Հայ գրականություն» առարկայի դասագրքի շուրջ ծավալվող խոսակցություններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը կեղծիք է համարում «Հայ գրականություն» առարկայի շուրջ ծավալվող բոլոր խոսակցությունները։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նման կարծիք նա հայտնել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում։

«Մեզ մեծ մեղք են վերագրում․ ասում են, թե «Հայ գրականությունից» հանում եք «հայ»  բառը․  չեմ կարողանում հասկանալ, թե այսչափ մեծ կեղծիքը որտեղից է գալիս։ Ընդ որում, այս սուտն ու կեղծիքը հնչում է կարևոր բուհական ու հետազոտական կենտրոններից, երբ դու նույնիսկ հերքում ես, թե այդպիսի բան չկա, նրանք շարունակում են դա անել։ Դավիթ Գասպարյանը, ով ամենաշատն է քննադատում, ժամանակին 7-րդ դասարանի գրականության դասագիրք է հրապարակել, որի վերնագրում հայ բառը չկա, նույնը` 8-րդ և 9-րդ դասարանների դասագրքերում։ Ես հասկանում եմ, մարդկանց մի մեծ խումբ, որ նախիկնում դասագրքեր է գրել և «ապահովել է» մեր զարգացումը, հիմա դուրս է մնացել այդ գործընթացներից, սակայն նրանք չեն հաջողելու։ Ավելին, մենք մեծ թվով ուսուցիչներ ենք ներգրավել այս գործընթացում, քանի որ հենց նրանք են, որ ամենաշատն են շփվում աշակերտների հետ, տեսնում են դասագրքերում եղած խնդիրները, հենց նրանք կարող են լավագույն լուծումներն առաջարկել։ Վերջին 15 օրվա ընթացքում մենք շուրջ 6 հազար ուսուցչի և մասնակցի հետ քննարկում ենք ունեցել, և նմանատիպ մասշտաբային քննարկում երբեք տեղի չի ունեցել»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Հարցին, արդյոք մեր մեծերը՝ Նարեկացին, Քուչակը, լինելո՞ւ են դասագրքերում, թե ոչ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ բոլորն են լինելու։

«Մենք հերքել ենք այդ տեղեկությունները, թե նրանք դուրս են գալիս դասագրքերից, բայց կեղծիքները մամուլում շարունակվում են։ Ես մեր հասարակության և հանրությանն ուզում եմ կոչ անել՝ չտրվել սադրանքներին, քանի որ այդպիսի բան չկա։ Խոսում են, թե հայրենասիրություն բառը չկա չափորոշիչներում։ Մենք թույլ չենք տալու, որ կեղծ հայրենասիրությամբ այդպիսի բաներ ասեն, պետք է այս եզրույթը քիչ կիրառել, որ չարժեզրկվի, լավ հայրենասիրությունը՝ լավ քաղաքացի դաստիարակելն է, իր իրավունքներն ու պարտականություններն իմացող քաղաքացի դաստիարակելն է։ Եվ այդ հայրենասիրությունը ավելի մեծ տեղ կունենա մեր հասարակության մեջ, քան այն կեղծ հայրենասիրությունը, որ դավանել է մարդկանց այդ խումբը»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով դասագրքերում ժամանակակից գրողներին ներկայացնելու թեմային՝ Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ սարսափելի է այն ոճը, որով քննարկվում է այդ հարցը։

«30-ական թվականներին մարդիկ են եղել, ովքեր իրենց ժամանակակից գրողներին են քննադատել, ինչի արդյունքում էլ, օրինակ, Չարենցն ու Բակունցը գնդակահարվել են։ Հիմա պարզապես այլ պայմաններ են, սակայն սոցիալական ցանցերում շարունակվում են անընդունելի ոճով գրառումներ արվել այն ամենի մասին, այն փոփոխությունների ու ժամանակակից գրողների մասին, ինչը ժամանակը պետք է ցույց տա, որ արժեքավոր են այդ ստեղծագործություններն ու նյութերը, թե ոչ»,- ասաց նախարարը:

Եզրափակելով իր խոսքը՝ Հարությունյանը շեշտեց, որ հայկականության դեմ ոչ մի դավադրություն չկա, այլ լրիվ հակառակն է։

«Մենք չափորոշիչներով ներմուծում ենք նոր առարկաներ, օրինակ՝ «Ես և իմ հայրենիքը» առարկան, որտեղ հասարակագիտական գիտելիքը ամբողջությամբ անցնում է մեր էպոսի, մեր հերոսների, մեզ համար շատ թանկ հերոսների կյանքով, սյուժեներով։ Մենք այս ամենը ցույց ենք տալիս մեր հասարակության անցած ճանապարհով, նրա լավ և վատ օրինակներով, ապագայի համար էլ պրոյեկտում ենք և ներկայացնելու ենք, թե որ որակներն են մեզ անհրաժեշտ լինելու՝ համակեցության կանոններով ապրող հասարակություն ունենալու համար»,- ընդգծեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Comment here