Հայաստանի հանրակրթական դպրոցներում 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում նոր չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված խնդիր կա. մինչև սեպտեմբերի 1-ը նոր դասագրքերը դպրոցներ չեն հասնի: ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների ու հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը Usanogh.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նոր դասագրքերն, իսկապես, ուշանում են:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս ապրիլին հայտարարել էր, որ սեպտեմբերից դպրոցներում կլինեն նոր չափորոշիչներ. «Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր»,-ասել էր նա:
Լիլիթ Մկրտչյանի խոսքով` սկզբում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց դասագրքաստեղծ թիմերի ստեղծման մրցույթ, հետո մասնակիցները նշեցին, որ ժամկետների մեջ չեն տեղավորվում, և դրանք հետաձգվեցին.
«Այդպես շղթայաբար մյուս գործընթացների ժամկետները ևս հետաձգվեցին…Հետո մինչև տպարանների մրցույթ եղավ, դասագրքերը փորձագիտական քննություն անցան, դրանցով պայմանավորված` գործընթացն ուշացավ: Տպարանները խոստացել են, որ որոշ անուն դասագրքեր մինչև սեպտեմբերի 1-ը կտպագրվեն և իրենք մաս-մաս, շաբաթ-շաբաթ կառաքեն դպրոցներ: Բայց մինչ այդ նոր տպագրվելիք դասագրքերը էլեկտրոնային տարբերակով կարելի է գտնել ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի էջերում, ԴՇՀ համակարգում»:
Նա նաև պարզաբանեց, որ օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ԿԶՆԱԿ-ը դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին համակարգված ձևով, ակտիվ հղումներով տրամադրել է բոլոր նյութերը. «Նրանք չեն գնալու դպրոցներ և անակնկալի գան, որ նոր դասագրքերը չկան: Ուսումնամեթոդական նյութերը մինչև դասագրքերի հասնելը կհատկացվեն դպրոցներին»:
Հավելենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Վայոց Ձորի մարզպետարանում անցկացրել է օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նոր դասագրքերին, դրանց ուշացման խնդիրներին և այդ ընթացքում դասավանդման գործընթացի կազմակերպման եղանակներին:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ