ԳլխավորԼուր

Հայոց ցեղասպանությունը մեր դասագրքերում ներկայացված է տաբուներով. պատմաբան

Զոհրաբ Գևորգյան

Հայաստանյան հանրակրթական դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներկայացված է կարծրատիպային մոտեցումներով, տաբուներով և հեղինակների ուղղորդումներով, և հաճախ մատուցվող նյութերում գերակշռում է տեղեկատվայնությունը, որն արգելակում է սովորողի  վերլուծական մտածողությունը: Usanogh.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում  պատմաբան Զոհրաբ Գևորգյանը:

Նրա խոսքով` դասագրքերը սովորողներին պետք է դրդեին պատմական մտածողության զարգացման, պատճառահետևանքային կապերի, փոփոխության և շարունակականության ուսումնասիրման, պատմական ապրումակցման. պատմություն առարկայի դասավանդման` աշխարհում հայտնի պրոգրեսիվ այս կոնցեպտները, սակայն, մեզ մոտ բացակայում են:

«Դասագրքերը պետք է հարցադրումներ անեն, որպեսզի զարգանա սովորողների քննադատական մտածողությունը: Մինչդեռ մեր դասագրքերում առկա են  հեղինակների կողմից ուղղորդված տեքստեր, տաբուներ` «ինչու»-ով սկսվող հարցերի հետ կապված: Տեղեկատվակենտրոնությունը, սակայն, հարկավոր է հավասարակշռել արդյունավետ առաջադրանքներով, որոնք սովորողների մոտ կզարգացնեն էմոցիոնալ կառավարումը»,-շեշտում է պատմաբանը:

Նրա գնահատմամբ` օրինակ` կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը և Հայոց ցեղասպանությունը մեր դասագրքերում ներկայացված են միևնույն սկզբունքով. «Սովորողների մոտ միանման աշխարհայացք է ձևավորվում,  վերլուծելուն  մղող առաջադրանքները մեծ մասամբ բացակայում են, իսկ եթե դրանք առկա են, իրենց ուղղորդված և կարծրատիպային լինելով հաճախ ավելի վնասում են սովորողին, քան օգնում: Շատ հարցեր էլ բավական թերի են կազմված»:

Զոհրաբ Գևորգյանի խոսքով` պատմական ապրումակցումը պատմություն առարկայի դասավանդման ամենահայտնի կոնցեպտներից է, որը խուսափում է ժամանակի հեռավորությունից գնահատականներ տալուց, և որի շրջանակում հաշվի են  առնվում տվյալ ժամանակը, դրա հետ կապված ատրիբուտները, միջավայրը: Այն բաղկացած է երեք բաղադրիչից` հուզական կապ տվյալ ժամանակի հետ, պատմական համատեքստայնացում և պատմական հեռանկարայնացում:

«Մեր հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության թեմայի հետ կապված կան որոշակի ամբարտավան, ցինիկ արտահայտություններ, որոնք դասագրքերը, ցավոք, որևէ կերպ չեն մեղմում կամ չեզոքացնում: Երբ, օրինակ, ասում ենք` Զոհրապը գիտեր, որ ցեղասպանություն է լինելու, ինչո՞ւ քայլ չարեց, մենք պետք է հասկանանք, որ ժամանակի կոմունիկացիոն աշխարհը ներկայիս աշխարհի հետ աղերս չուներ: Այն ժամանակ, օրինակ, չկար «Ֆեյսբուք», որտեղ Զոհրապը կարող էր տեղեկություն տարածել: Չնայած այսօր տեսնում ենք, որ մեզ համար բեկումնային իրադարձությունների վերաբերյալ տարածվող տեղեկություններն էլ համարժեք արձագանքի չեն արժանանում»:

Պատմաբանի դիտարկմամբ` մեր դասագրքերը որոշ առումով լուծում են, օրինակ,  պատմական համատեքստայնացման հետ կապված հարցեր, բայց քանի որ մյուս երկու բաղադրիչները բացակայում են, ունենում ենք իրողության հետ կապված գերէմոցիոնալ արտահայտություն, որը հաճախ վերածվում է պաթոսի: