ԳլխավորԼուր

ՀՀ ո՞ր բուհերում են ուսումնասիրում Հայոց ցեղասպանությունը, և ի՞նչ է առաջարկել Մարությանը ԿԳՄՍՆ-ին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը ԿԳՄՍ նախարարությանն առաջարկել է «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» խորագրով դասընթացներ կազմակերպել հայաստանյան  հանրակրթական դպրոցների 11-րդ դասարաններում և բուհերում: Այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց  ինքը` Հարություն Մարությանը` հավելելով, որ պատասխան դեռ չեն ստացել.

«Դասընթացն, իհարկե, ամբողջությամբ դեռ պատրաստ չէ. ըստ նախարարության արձագանքի` կորոշենք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը: Դասընթացում ներառված են 30-ից ավելի թեմաներ, 11-րդ դասարանում, օրինակ, 1 տարվա կտրվածքով նախատեսում ենք դասընթացին տրամադրել 68 ժամ, իսկ բուհերի մասով դեռ չենք կողմնորոշվել»:

Հարություն Մարությանը շեշտում է` առանձին դասընթացով «Հայոց ցեղասպանություն» ուսումնասիրում են ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում և Հայաստանի ամերիկյան համալսարանում: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում առկա է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիր (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան): Իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանում բակալավրի կրթական ծրագրերի շրջանակում ոչ հիմնական մասնագիտացման առարկաների ցանկում կա նաև «Ցեղասպանագիտություն և մարդու իրավունքներ» ոչ հիմնական մասնագիտացման ուղղվածությունը, որը  դիտարկում է 20-րդ և 21-րդ դարերի ցեղասպանությունները` իրավական, քաղաքական, սոցիալական, հոգեբանական, մշակութային, էթիկական, էթնիկական, կրոնական, տնտեսական, պատմական և համեմատական տեսանկյուններից:

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, որը դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Usanogh.am-ի հետ զրույցում հավելեց, որ համալսարանում բացի առանձին դասընթացից` Հայոց ցեղասպանության թեման անցնում են նաև «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում.

«Կարծում եմ` բուհերում Հայոց ցեղասպանության թեման արծարծելիս քննադատական մտածողությունն ավելի բարձր մակարդակի վրա պետք է լինի: Ունեմ ուսանողներ, որոնք դպրոցից  բուհ են գալիս թեմայի վերաբերյալ զրոյական պատկերացումներով, թեև ասում են, որ դպրոցում ուսումնասիրել են այն: Բուհի գործը քննարկումների, ելքեր փնտրելու, տարբերակներ առաջարկելու, Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության համատեքստում  դիտարկելու  միջոցով ուսանողների մտածողությունը զարգացնելը պետք է լինի»,-եզրափակեց Սուրեն Մանուկյանը: