Կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սահմանված կարգով այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թթ. համար:
Ծրագրի վերջնանպատակի իրականացման համար, ըստ Արթուր Մարտիրոսյանի, սահմանվել են հետևյալ երեք ռազմավարական ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացում և արտահանում։
Նախարարի տեղակալը հնչեցրել է նաև փաստաթղթի՝ առավել նշանակալի հայեցակարգային դրույթները նախադպրոցական, հանրակրթության, ՄԿՈՒ, բարձրագույն և շարունակական կրթության ոլորտներում:
«Նախատեսվում է բուհերի համար ստեղծել հավասար մրցակցային դաշտ, մասնավորապես, մշակել բուհերի միասնական կազմակերպաիրավական ձև, նույնականացնել կառավարման համակարգը: Հատուկ ուշադրություն է դարձվելու կրթական ծրագրերին՝ հիմք ընդունելով աշխատաշուկայի պահանջները: Նախատեսվում է ներդնել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կրթական ծրագրեր, կվերանայվի մասնագիտությունների ցանկը»,-ասել է Արթուր Մարտիրոսյանն՝ ավելացնելով, որ կներդրվեն պետական պատվերի ձևավորման միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման ինստիտուցիոնալ մեխանիզմներ:
Ակնկալվում է, որ մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգի յուրաքանչյուր շրջանավարտ կունենա միջազգայնորեն ճանաչելի և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտական որակավորում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետում ձեռք բերել արժանապատիվ աշխատանք կամ սկսել սեփական գործը:
«Արմատական բարեփոխումների գործընթացում պետք է առանձնացնել պետական բուհերի խոշորացումը գիտահետազոտական ինստիտուտների հետ, որն արվում է հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման նպատակով: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը: Հայաստանյան կոնկրետ թվով բուհերին, պետական թիրախային աջակցության միջոցով, հնարավորություն կընձեռվի միջազգային մրցակցության պայմաններում էականորեն բարելավել մեր դիրքերը: Արդյունքում, 2030 թվականին 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի ցանկում»,-ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Հավելենք, որ Ազգային ժողովի կողմից ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կհաստատի նաև ծրագրի իրականացման գործողությունների պլանը։