ԳլխավորԼուր

Դասագրքերի պատճենահանմանը ծնողը չպետք է մասնակցի, դա պետք է անի դպրոցը. Ժաննա Անդրեասյան

Դասագիրք, դասագրքեր

Մինչև սեպտեմբերի վերջ Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանները կունենան նոր կազմված դասագրքերի թղթային տարբերակները: Այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նրա խոսքով` երկուշաբթի օրը`սեպտեմբերի 1-ից հետո առաջին աշխատանքային օրը, 5-րդ և 7-րդ դասարանի տարբեր դասագրքեր մտել են Հայաստանի դպրոցներ.

«Ինքս առիթ ունեցել եմ տեսնելու, որ դրանք դպրոցում են, քանի որ հենց այդ օրը Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում էի, խնդրեցի ցույց տալ և հարցրեցի` արդյոք ստացել են դասագրքերը, ու հենց երեխաների մոտ տեսա այն դասագրքերը, որոնք փոխանցվել են դպրոցներին: Բառացիորեն վաղը արդեն գրքերի նոր խմբաքանակ կուղարկվի դպրոցներ և, կարծում եմ, որ մենք մինչև այս ամսվա վերջ բոլոր դասագրքերը կունենանք»:

Նախարարը հիշեցրեց, որ նոր կազմված դասագրքերն առկա են էլեկտրոնային տարբերակով և շեշտեց. «Եթե այս ժամանակահատվածում կարիք լինի դասագրքերի որոշ էջեր պատճենահանելու, տվել ենք հստակ ցուցում` դրանք պետք է կազմակերպեն դպրոցները, ծնողներն այս գործում չպետք է մասնակցություն ունենան: Սա այն փոքր դժվարությունն է, որի միջով պետք է անցնենք, քանի որ շատ կարևոր փոփոխություններ ենք իրականացնում»:

Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ իրենք գնացել են դասագրքերի ստեղծման ճանապարհով, իսկ դա մի գործընթաց է, որը, նրա խոսքով, շուրջ 15 տարի չէր իրականացվել. «Սա ես դիտարկում եմ նաև իբրև փորձարկում. մեր ուսուցիչները կօգտագործեն դասագրքերը դասարանում, իսկ մենք ուշադիր կհետևենք առաջացող խնդիրներին: Առանց այս փոփոխության՝ հանրակրթության ոլորտի բովանդակային փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ»:

Usanogh.am-ն արդեն հայտնել է այն մասին, որ նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում սեպտեմբերի 1-ից պետք է տրամադրվեին նոր ստեղծված դասագրքերը: Այդ գործընթացը, սակայն, հետաձգվեց: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրեց, որ ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները (ոչ բոլոր-խմբ.) հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում, ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում, Usanogh.am կայքում: