ԳլխավորԼուր

Հայաստանի ազգային գրադարանում իրանական գրականության անկյուն է բացվել

Հայաստանի ազգային գրադարանում իրանական գրականության անկյուն է բացվել

Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը,  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հայաստանի ազգային գրադարանում Իրանական գրականության անկյան բացման կապակցությամբ՝ նշելով, որ նախաձեռնությունը կապահովի իրանական գրականության և մշակույթի առավել լայն հասանելիությունը Հայաստանում՝  նպաստելով իրանագիտության զարգացմանը։

Նա նաև հիշեցրել է, որ նախորդ տարի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվում են Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքեր:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ևս կարևորել է Իրանական գրականության անկյան ստեղծումը Հայաստանի ազգային գրադարանում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի ազգային գրադարանին է նվիրաբերվել 293 միավոր գրականություն՝ բառարաններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, ուսումնական ձեռնարկներ, կրոնական գրականություն, պոեզիայի ժողովածուներ, ժամանակակից գեղարվեստական գրականություն և այլ հրատարակություններ, որոնք համալրել են Հայաստանի ազգային գրադարանի իրանական գրականության հավաքածուն։

Ներկայում Հայաստանի ազգային գրադարանում գրանցված են 647 իրանցի ընթերցողներ, որոնք օգտվում են գրադարանի տեղեկատվական ծառայություններից, ընթերցասրահներից և գրքային հավաքածուներից։

Հայաստանի ազգային գրադարանում առկա է իրանական գրականության հարուստ և բազմաբովանդակ հավաքածու, որն ընդգրկում է 1780-ական թվականներից մինչև մեր օրերը հրատարակված գրքեր։ Հավաքածուում ներառված են պարսկերեն բնագրեր, հայերեն թարգմանություններ, ինչպես նաև հայերենից պարսկերեն թարգմանված հրատարակություններ՝ արտացոլելով հայ-իրանական գրական և մշակութային փոխգործակցության տարբեր փուլերը։

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում 2022 թվականից ձևավորված է «Iranian Collection» թեմատիկ հավաքածուն, որը հնարավորություն է տալիս մեկ որոնմամբ ստանալ Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող իրանական գրականության ամբողջական մատենագիտական ցանկը։ Ներկայում հավաքածուն ներառում է 907 մատենագիտական գրառում։

Իրանական գրականության անկյան բացման շրջանակում ցուցադրվել են նաև Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրականության հավաքածուի իրանական գրականության բացառիկ հրատարակություններից մի քանիսը: Դրանք ներկայացնում են XVIII–XIX դարերի իրանական և իրանագիտական գրատպության արժեքավոր նմուշները և Հայաստանի ազգային գրադարանի հազվագյուտ և արժեքավոր ֆոնդի բաղկացուցիչ մասն են կազմում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews