ԳլխավորԼուր

Միջադեպ ԵՊՀ-ում․ 2 անձի բերման են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր Երևանի պետական համալսարանից ոստիկանությունը 2 անձի է բերման ենթարկել։ Այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

«ԵՊՀ-ից բերման են ենթարկվել 2 հոգի՝ ԵՊՀ նախկին դասախոս, լրագրող Դավիթ Սարգսյանն ու ԵՊԲՀ նախկին պրոռեկտոր, ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոպյանը։ Եկել էին, դռներ էին ուզում կոտրել, գույք են վնասել»,- նշեց ԵՊՀ խոսնակը։

Իսկ ոստիկանությունից Usanogh.am-ի հարցին, թե ինչ հիմքով են բերման ենթարկվել ԵՊՀ-ից, հայտնեցին, որ այսօր տարբեր բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 168 անձ Վարչական իրավախախտումների օրենսգրքի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը)՝ չմանրամասնելով ԵՊՀ-ի դեպքը։

Մինչ այդ Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքում ուղիղ եթեր էր մտել ԵՊՀ-ից՝ նշելով, որ ԵՊՀ գիտխորհուրդը փակ դռների հետեւում նիստ է անում, որտեղ քննարկվում է հավաքներին մասնակցող ուսանողներին ու դասախոսներին խիստ պատժելու հարցը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են բողոքի ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։ Երեկ հանրահավաքի ժամանակ Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր՝ առավոտյան ժամը 08։00-ից սկսում են անհնազանդության ակցիաները։