ԳլխավորԼուր

ԵՊՀ ֆակուլտետներից մեկի նախկին դեկանը ստացել է ավելի քան 2 մլն դրամ կաշառք. գործն ուղարկվել է դատարան

Դատական նիստ

2000 թվականից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Հ.Ս.-ն, 2023 թվականի փետրվար ամսին, ԵՊՀ նույն ֆակուլտետի դոցենտ Գ.Տ.-ի, դեկանի տեղակալ Ա.Ն.-ի հետ խմբի կազմում, 6 ուսանողի օգտին ապօրինի գործողություն կատարելու և հովանավորչության համար պահանջել և ստացել են շուրջ 2 մլն 300 հազար դրամ կաշառք, հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ֆակուլտետի նախկին դեկան Հ.Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (չորս դրվագ), նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար), դեկանի տեղակալ Ա.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, դոցենտ Գ.Տ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ) և քաղաքացի Պ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար):

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 5-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

2023 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Ֆակուլտետի համապատասխան աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունների կատարումը շարունակելու նպատակահարմարությունը: