ԳլխավորԼուր

ԵՊՀ գիտական պարբերականը զետեղվել է «DOAJ» միջազգային շտեմարանում

Translation Studies Theory and Practice» TSTP

ԵՊՀ հրատարակչության լույսընծայած «Translation Studies: Theory and Practice» (TSTP) գիտական պարբերականը զետեղվել է «DOAJ» միջազգային հեղինակավոր շտեմարանում, հայտնում են Մայր բուհից։

«Translation Studies: Theory and Practice» (TSTP) պարբերականը, որն անցնում է միջազգային գրախոսություն, հրատարակվում է Երևանի պետական համալսարանի հրատարակչության, ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, պարբերականի գլխավոր խմբագիր Ռուզան Ղազարյանի և նույն ամբիոնի դոցենտ, պարբերականի պատասխանատու քարտուղար Իշխան Դադյանի ջանքերով:

Հավատարիմ մնալով ԵՊՀ ռազմավարական նպատակներին, որոնց շարքում իրենց ուրույն տեղն ունեն գիտահետազոտական գործունեության որակի ու ծավալի ընդարձակումը և միջազգային գիտական ամսագրերում ու շտեմարաններում հրապարակումներ ունենալը՝ «Translation Studies: Theory and Practice»-ում ներկայացվում են միջազգային չափանիշներին համապատասխան, թարգմանական բոլոր ոլորտներին առնչվող հետազոտական աշխատանքներ: Այստեղ ընդգրկված հոդվածների հեղինակների 90%-ը արտասահմանյան համալսարանների ներկայացուցիչներ են (9 հեղինակներից միայն 1-ն է ազգությամբ հայ)։ Բացի հոդվածագիրներից՝ խորհրդատվական և խմբագրական խորհուրդների կազմում նույնպես ընդգրկված են օտարազգի գիտնականներ (ավելի քան 70%-ը), ինչը նպաստում է պարբերականի՝ միջազգային հարթակներում տեսանելիության և հեղինակության, ինչպես նաև որակի բարձրացմանը։

Պարբերականի գլխավոր խմբագիր Ռուզան Ղազարյանի խոսքով՝ այն թարգմանաբանական ոլորտին նվիրված մասնագիտացված միջազգային գիտական առաջին պարբերականն է, որի կայացման համար պահանջվել է գրեթե 4 տարի։

«Գիտական պարբերականի ստեղծման գաղափարն առաջացել է դեռևս 2019 թվականին, երբ Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) հետ գործակցության շրջանակում կազմակերպեցինք և անցկացրինք «Թարգմանության եվրասիական համաժողով 1»-ը, որի ժամանակ հյուրընկալել էինք տարբեր երկրների համալսարանների ներկայացուցիչների»,- նշեց Ռ․ Ղազարյանը և հավելեց․- «Մեր այս ձեռքբերումը բացառապես թիմային գրագետ և անձնվեր աշխատանքի արդյունք է, ինչի հաջող իրագործումը նոր խթան է դառնում՝ ձգտելու անել ավելին»։

«Translation Studies: Theory and Practice»-ը ԵՊՀ հրատարակչության արդեն 4-րդ պարբերականն է, որն ընդգրկվել է «DOAJ»-ում։ Նախորդիվ «DOAJ»-ում հրապարակվել են «Journal of Sociology. Bulletion of Yerevan University», «Armenian Folia Anglistika» և «Journal of Political Science: Bulletin of Yerevan University» գիտական ամսագրերը։

20-ամյա «DOAJ»-ը բաց հասանելիությամբ (open access) պարբերականների շարքում հեղինակավոր շտեմարաններից մեկն է, որից տեղեկություններ է քաղում «Web of Science» շտեմարանը։ «DOAJ»-ի առաքելությունն է բարձրացնել որակյալ, գրախոսվող, բաց հասանելիությամբ գիտահետազոտական պարբերականների հեղինակությունը, տեսանելիությունը, հասանելիությունն ու ազդեցիկությունն ամբողջ աշխարհում։

ԵՊՀ հրատարակչության գործունեությունը

1920 թվականին հիմնադրված ԵՊՀ հրատարակչությունը զբաղվում է միջազգային չափանիշներին համապատասխան գիտական պարբերականների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հրատարակությամբ՝ սերտ համագործակցելով ակադեմիական հանրության հետ:

ԵՊՀ հրատարակչության առաջնային նպատակն է միջազգային ասպարեզում ներկայացնել հայաստանյան գիտական համայնքի կատարած հետազոտական աշխատանքները՝ դրանք հասանելի դարձնելով ընթերցող հանրությանը:

ԵՊՀ հրատարակությունները հասանելի են «EBSCO», «DOAJ», «zbMATH», «ERIH PLUS», «Sherpa Romeo», «The Linguist list», «Index Copernicus», «Mathnet.ru», «Cyberleninka», «eLibrary.ru» միջազգային հեղինակավոր շտեմարաններում։

Համալսարանում հրատարակվող 20 ամսագրերն ընդգրկված են «OJS» (Open Journal System) ամսագրերի էլեկտրոնային կառավարման համակարգում։ Հեղինակների կողմից հոդվածի տեղադրումը, հետագա գրախոսումն ու խմբագրական աշխատանքների մեծ մասն իրականացվում են «journals.ysu.am» հարթակում։

Նշենք, որ ԵՊՀ հրատարակչությունը 2016 թվականից ցայսօր ունի Եվրոպական համալսարանական հրատարակչությունների ասոցիացիայի (Association of European University Presses) լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը մեծ արտոնություններ և հնարավորություններ է շնորհում հրատարակված գիտական աշխատանքներին՝ արդյունավետորեն նպաստելով համալսարանի միջազգայնացման գործընթացին։