ԳլխավորԼուր

Ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների միայն 20 %-ն է հիմնական դպրոցից. ի՞նչ վտանգներ կան

Հայաստանի դպրոցների շուրջ 33 տոկոսը հիմնական են, սակայն կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների միայն 20 տոկոսն է հիմնական դպրոցից։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի դպրոցների միայն 7 տոկոսն են ավագ, սակայն ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների 34 տոկոսն ավագ դպրոցից են։ Այս մասին տեղեկանում ենք 2022թ. «Եվրասիա Համագործակցության հիմնադրամի» կողմից հրապարակված զեկույցից:

Ըստ այս տվյալների՝ միջինում մեկ ավագ դպրոցից դրական շեմը հաղթահարել է շուրջ 1,5 ուսուցիչ, մեկ վարժարանից՝ 6,6 ուսուցիչ, մեկ հիմնական դպրոցից՝ 0,2 ուսուցիչ, մեկ միջնակարգ դպրոցից՝ 0,19 ուսուցիչ.

«Եթե այս հարցին լուծում չտրվի, ապա առաջիկայում կամավոր ատեստավորման ֆինանսական հոսքերի առյուծի բաժինը գնալու է դեպի ավագ դպրոցներ և վարժարաններ՝ խորացնելով ռեսուրսների բաշխման անհամաչափությունը»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ներկայացված «Ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման մոնիտորինգի» 2023 թ. զեկույցում էլ նշվում է, որ միջին և հիմնական դպրոցների ուսուցիչների առջև դրվում են նույն առարկայական և ծրագրային պահանջները, ինչ ավագ դպրոցների ուսուցիչների առջև. այդ մոդուլները և առաջադրանքները համեմատաբար ավելի բարդ են հիմնական դպրոցների ուսուցիչների համար.

«Իհարկե, առարկայական ուսուցիչը պետք է տիրապետի առարկայի ողջ բովանդակությանը, սակայն բովանդակությանը վերաբերող կոնկրետ մանրամասներ կարող են մոռացվել՝ չկիրառվելու պատճառով։ Այս պարագայում հիմնական դպրոցի ուսուցիչներն ակնկալում են կամավոր ատեստավորման գործընթացի ճկունություն։ Ըստ էության, նման ճկունության բացակայությունը ռիսկ է առաջացնում կամավոր ատեստավորման գործընթացից դուրս թողնելու հիմնական դպրոցի ուսուցիչներին»,-ասված է զեկույցում: