ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

«Բուժական գործ». ԵՊԲՀ-ում սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղ

ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված են 28 նպատակային ուսուցման տեղեր, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Մասնավորապես՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է երեքական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ:

Վերոգրյալ մասնագիտությամբ 2023-2024թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր նշեն «Նպատակային ուսուցում»-ը:

Նպատակային տեղերում ընդունված ուսանողները սովորում են անվճար և ուսումնառության ընթացքում ստանում են կրթաթոշակ: Նպատակային տեղերում ընդունված դիմորդները պայմանագիր են կնքելու ՀՀ առողջապահության նախարարության հետ, որի համաձայն`  ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո պարտավորվում են վերադառնալ մարզ, առնվազն 3 տարի ժամկետով աշխատել մարզի բժշկական կազմակերպություններում: