ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Թռնենք». «Բամբիռ»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը

«Բամբիռ» խումբը (The Bambir) այսօր թողարկել է իր թվով 12-րդ՝ «Մանկական խաղեր» ալբոմը։ Խմբի երկար սպասված ալբոմն անդրադառնում է մանկական անմեղության և չափահասության ժամանակ այցելող հիասթափության բախմանը։

«Մանկական խաղեր» ալբոմը դուրս է ռոքի ավանդական պատկերացումներից։ Համադրելով անզուսպ անկեղծությունը և փորձարարական հնչյունները՝ այն ընդլայնում է ժանրի սահմանները։ Ալբոմն անդրադառնում է այն անմիտ դաժանություններին և տանջանքներին, որոնք չափահաս մարդիկ վերապրում են՝ չհասունանալով թե՛ իրենց, թե՛ մյուսների հանդեպ։

«Մենք ցանկանում էինք ստեղծել մի բան, որը կլինի թե՛ խորը անձնական, թե՛ հավաքական։ Այս ալբոմը ճանապարհորդություն է չափահասության մութ անկյուններով, որը բացահայտում է մանկության ազդեցությունն ու դրա կարևորությունն ապագա կյանքի ձևավորման գործում» — ասում է ալբոմի պրոդյուսեր Նարեկ Բարսեղյանը։

Ալբոմի երգացանկը

  • Փակ շուրջպար – Այստեղ հյուսվում են ռոքը, հումորը և էթնիկ ազդեցությունները։ Այս երգը սահմանում է ալբոմի ոճն ու տրամադրությունը։
  • Թռնենք – Երգ, որը մարտահրավեր է նետում վախին սիրո միջոցով։
  • Մանկական խաղեր – 2000-ականների սկզբին թողարկված ստեղծագործության նոր մշակումը։ Անդրադարձ մանկության ազդեցությանը չափահասության վրա։
  • Ամենեցուն – Ռոք բալլադ, որը կապանքներից ազատվելու և ներելու կոչ է անում։
  • Ուր էիր – Երգ հետհայացք՝ հեքիաթային տրամադրությամբ։
  • Տուր ինձ – Ալբոմի պայթունային առաջին սինգլն է ծանր (hard) ռոք ոճում։
  • Դժվար է – Բանականության պայքարի ուսումնասիրություն՝ փորձարարական ռոք մոտիվներով։
  • Խնդաս գը – Հասարակության մանիպուլյացիայի և ապակողմնորոշման քննադատական վերլուծություն։

«Մանկական խաղեր»-ը խոստանում է հեղափոխական ռոքային փորձառություն։ Ալբոմի պրոդյուսերները Սեմ Սարյանը և Նարեկ Բարսեղյանն են։ Ալբոմը ձայնագրվել է The Meeting Point ստուդիայում։ Մաստերինգը կատարվել է Լևոն Նավասարդյանի կողմից։

«Բամբիռ»-ի մասին

«Բամբիռ»-ը (The Bambir) (Նարեկ Բարսեղյան (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյան (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյան (բաս-կիթառ) և Աշոտ Կորգանյան (հարվածային գործիքներ)) հայտնի է ռոք երաժշտությանն իր նորարարական մոտեցումներով և խելահեղ կենդանի կատարումներով: Խմբի նոր սերնդի դեբյուտային ալբոմից՝ «B.B.R.»-ից (2005) սկսած, նրանք գրավել են համաշխարհային հանդիսատեսին իրենց եռուն և ազդեցիկ շոուներով ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Հունաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: «Բամբիռ»-ը՝ կանգնած լինելով հայկական ռոքի ակունքներում և հանդիսանալով այս ոճը զարգացնողներից մեկը, իր հետքն է թողել ոչ միայն հայկական, այլև ժամանակակից համաշխարհային ռոք երաժշտության աշխարհում:

«Բամբիռ» խումբ