Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Խաչքարի օծում՝ Մանկավարժական համալսարանի զոհված ուսանողների հիշատակին

Արցախյան 44-օրյա պատերազմում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զոհված ուսանողների հիշատակին բուհի բակում 1601 թվականով թվագրվող խաչքար է տեղադրվել:

Հուշարձան-խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 26-ին: Այն իրականացրեց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գերաշնորհ տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ խաչքարն օծելուց հետո գերաշնորհ տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանն ասաց, որ հուշարձանը սիրով ու երախտագիտությամբ կանգնեցվել է որպես հիշատակ, վկայություն Արցախյան պատերազմի նահատակ մատաղ հայորդիների, որոնք իրենց կյանքն են դրել հայրենիքի պայծառ գալիքի զոհասեղանին: «Մենք օծեցինք այս խաչքարը մեր սուրբ եկեղեցու օրինսդրության և կանոնների համաձայն, ինչպես օծվում և սրբագործվում է սրբազան մի վայր, տերունական պատկեր, եկեղեցի, ուր երկյուղով լցված հայորդիները, գալով և համբուրելով տերունական խաչը՝ պիտի ստանան աստվածային օրհնություն և մխիթարություն»,- ընդգծեց նա:

Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին համալսարանից 290 մարդ է մասնակցել՝ և՛ ուսանողներ, և՛ վերջին հինգ տարվա շրջանավարտներ: Զոհվել է 35 ուսանող,  որոնցից ութը՝ շրջանավարտ:

«Որոշեցինք մեր ուսանողների հիշատակը հավերժացնել խաչքարով: Արցախի Ծիծեռնավանքի խաչքարը Բերձորի թանգարանում էր պահվում: Որպեսզի այն միշտ տեսանելի լինի, դրեցինք հուշարձանի ներսում»,- նշեց Պետրոսյանցը:

Գրադարանի տնօրենը հավելեց, որ լույս են ընծայելու Արցախյան առաջին, Ապրիլյան  և Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից մանկավարժականցիների հիշատակի հանրագիտարան, որն առաջիկայում կներկայացնեն հանրությանը:

Հուշարձան-խաչքարի օծման արարողությանը, որին ներկա էին հոգևորականներ, պաշտոնյաներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, զոհված հերոսների ծնողներ, ուսանողներ և այլք, հաջորդեց երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն։

Հայրենիքի համար զոհվածներն են՝ Սուրեն Ադամյան, Արեն Ավանեսյան, Արտյոմ Ավետիսյան, Արտակ Բարսեղյան, Հովհաննես Բեյբության, Սմբատ Գաբրիելյան, Արամ Գալստյան, Շահեն Գալստյան, Նորիկ Գասպարյան, Ռուբեն Գասպարյան, Սամվել Գասպարյան, Անդրանիկ Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Լևոն Եղիազարյան, Արա Խաչատրյան, Արամ Խաչատրյան, Մորիս Խումարյան, Գևորգ Կարապետյան, Ավետիք Կարճիկյան, Աժդահակ Կիրակոսյան, Արմեն Հարությունյան, Արտաշես Հակոբյան, Սմբատ Մազմանյան, Ազատ Մաջարյան, Ալեն Մարգարյան, Ռոման Մարգարյան, Գևորգ Մելքոնյան, Սիփան Մելքոնյան, Տիգրան Միկոյան, Հայկ Նալբանդյան, Հարութ Նիկոլյան, Պողոս Սարգսյան, Վարուժան Սարգսյան, Արմեն Ստեփանյան, Նարեկ Վարոսյան։

Comment here