Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուրՀայաստանս

Հայաստանում եւ Արցախում եռօրյա սուգ է

Եռաբլուր

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է՝ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Ի հիշատակ զոհվածների՝ դեկտեմբերի 20-ին հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի։

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ ու վարձկան գրոհայինների մասնակցությամբ լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ։

Պատերազմի ընթացքում պարբերաբար հրթիառակոծվում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին (այդ թվում՝ Ղազանչեցոց եկեղեցին), այլ խաղաղ բնակավայրեր։ Թշնամին մի քանի անգամ նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքին է հարվածներ հասցրել (Վարդենիս, Դավիթ Բեկ եւ այլն)։

44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմի զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ մեր զոհերի թիվը մոտ 5 հազար է, վիրավորներինը՝ ավելի քան 10 հազար։ Դեկտեմբերի 14-ին Հայաստան է վերադարձվել գերիների առաջին խումբը՝ 44 մարդ, որոնցից 14-ը քաղաքացիական անձինք։ Հաջորդ օրը արդբեջանական կողմը եւս մեկ գերու է վերադարձրել։

Պատերազմական գործողությունները դադարեցվեցին նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարության։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Comment here