Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները կառավարության դիմաց նստացույց են անում

Հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը, ովքեր հունիսի 23-ից անժամկետ նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ, գործադիր մարմնից և անձամբ վարչապետի պաշտոնակատարից պահանջում են գերիներին վերադարձնել հայրենիք։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բողոքի ձայնը ցանկանում են լսելի դարձնել նաև միջազգային կառույցներին։

«Մեր տղաներն այնտեղ միայնակ են և անօգնական։ Կոչ եմ անում միջազգային կառույցներին, որպեսզի միջնորդներ ուղարկեն և միջանկյալ գործիքներ կիրառեն, որպեսզի պահպանվի օրինաչափությունը և իրավական գործընթաց սկսվի ընդդեմ Ադրբեջանի։ Այդ երկիրը խախտում է մի շարք միջազգային պայմանավորվածություններ»,- նշեց Տիգրան Ամբարդարյանը։

Նա շեշտեց, որ հունիսի 23-ին՝ երեկոյան, հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն չցանկացավ մեկնաբանել հանդիպման մանրամասները։

Տիգրանը միայն ընդգծեց, որ հստակ արդյունք չեն ստացել, այդ պատճառով շարունակում են նստացույցը նաև հունիսի 24-ին։

Մեկ այլ գերիի ծնողն էլ ասաց, որ «Կարմիր խաչի» ընկերության միջոցով խոսել է որդու հետ, ով ասել է, որ իր հետ ամեն ինչ լավ է։

«Նամակ էլ ենք ստացել «Կարմիր խաչի» միջոցով, ինչպես նաև՝ տեսաերիզներ։ Որդուս հետ 2 անգամ խոսել եմ, ասում էր, որ լավ է, բայց…»,- նշեց ծնողը և հավելեց, որ Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որպեսզի մի փոքր էլ սպասեն։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո հայրենիք են վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում են գտնվում մոտ 200 մեր հայրենակիցներ, պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվն առնվազն 60 է։ Շուրջ 20-ի նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ։

Comment here