ԳլխավորԼուր

Զոհված ուսանողների հիշատակին նվիրված գիտաժողով` ԱրՊՀ-ում

Արցախի պետական համալսարանում մեկնարկեց 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովը, որին մասնակցում են 125-ից ավելի պատվիրակներ Արցախի և ՀՀ առաջատար բուհերից։

Գիտաժողովի լիագումար նիստին մասնակցում են ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ ՀՀ բուհերի ղեկավար կազմերից։

Գիտաժողովը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։

Լիագումար նիստին մասնակիցներին ողջունել և գիտաժողովի աշխատանքները կարևորել է ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով գիտաժողովի նշանակությունը բուհի կրթագիտական կյանքի զարգացմանն ուղղված աշխատանքների և միջբուհական համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը։

Զեկուցումով հանդես է եկել ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, որը վերաբերում էր ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքներին։ Առաջիկայում լիագումար նիստին կհնչեն արդիական թեմաների վերաբերյալ զեկուցումներ տարբեր բուհերի ուսանողների կողմից։

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մասնախմբերում։