ԳլխավորԼուր

«Մենք պատրաստում ենք աշխատողներ, բայց ոչ բիզնեսմեններ». Սուրեն Պարսյան

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում ընթացիկ ուստարվա 2-րդ կիսամյակից «Միկրոէկոնոմիկայի հիմունքներ» դասընթացի շրջանակում դասախոսում է ՀՀ-ից հրավիրված դասախոս, տ.գ.թ., դոցենտ Սուրեն Պարսյանը:

Հերթական ընդլայնված դասախոսությունը Սուրեն Պարսյանը ներկայացրել է այսօր՝ ապրիլի 13-ին, որին ներկա էին տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ:

Դասախոսության թեման վերաբերում էր բիզնեսի կազմակերպման, բիզնես մտածելակերպի ձևավորմանն ու զարգացմանը, բիզնեսի խոչընդոտներին: Բանախոսի խոսքով՝ դասախոսության հիմնական նպատակն էր ուսանողների շրջանում խրախուսել բիզնես սկսելու ցանկությունը, ունակությունները, քանի որ, նրա կարծիքով, ուսանողների մեծ մասը մտածում է հետագայում աշխատել պետական կառույցներում, շատ քիչ տոկոս են կազմում հետագայում բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողները:

«Մեր կրթական համակարգի հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մենք պատրաստում ենք աշխատողներ, բայց ոչ բիզնեսմեններ, որոնք շուկայական հարաբերությունների պայմաններում խիստ կարևոր են: Առանց բիզնեսի երկիր, տնտեսություն, բանակ չի կարող զարգանալ: Մեր հիմնական օղակը բիզնեսն է, և այս ոլորտում պետք է ունենանք ակտիվ, խելացի, նաև համարձակության գնացող ձեռներեցներ, ինչը թույլ կտա մեր տնտեսությունը զարգացնել և մրցունակ լինել»,-նշել է Ս. Պարսյանը՝ հավելելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բիզնես մշակույթը բավականին սաղմնային վիճակում է և դրա հիմնական պատճառը կադրերն են:

«Մենք ներկայումս բիզնես ղեկավարող կադրերի անհրաժեշտություն ունենք, և մեր կրթական համակարգը, ըստ էության, դրան համապատասխան չէ: Շատ հաճախ կադրեր ենք պատրաստում տնտեսության համար, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց հիմա բազմաթիվ սեփականատերեր փնտրում են մարդիկ, որոնք կստանձնեն կառավարման պատասխանատվությունը և կկարողանան ճիշտ ու արդյունավետ կառավարել»,-ասել է բանախոսը՝ լավ կադրեր պատրաստելու գործընթացում կարևորելով ուսումնառության շրջանում պրակտիկայից եկող փորձի ուսումնասիրումը:

Դասախոսության հիմնական մասը հիմնված էր պրակտիկ դեպքերի վրա՝ ներառելով լավագույն օրինակները, ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, ռիսկերի կառավարումը և հիմնական օրինաչափությունը՝ տեսության իմացություն և փորձ:

Դասախոսությունն անց է կացվել ինտերակտիվ, բանավեճի ձևաչափով՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով իրենց կարծիքներն արտահայտելու:

«Ուսանողներին կհորդորեի ուսումնական այս տարիներն օգտագործել ոչ միայն սովորելու, այլ նաև նոր բիզնես-նախագծեր մտածելու, սկսելու համար, նաև երբեք չվախենալ անհաջողությունից, քանի որ բիզնեսում անհաջողությունների վրա սովորում են, դրանք ավելի շատ գիտելիքներ են տալիս հետագայում հաջողությունների հասնելու համար»,-եզրափակել է իր խոսքը տնտեսագետ Պարսյանը: