ԳլխավորԽոսքՄարս VS Վեներա

«Բազմաթիվ կանայք միայնակ են, որովհետև տղա չկա, լուրջ եմ ասում». Գոհար Հայրապետյան

Ես ճանաչում եմ միջին տարիքի բազմաթիվ կանանց և աղջիկների, որոնք բոլորն ունեն միևնույն խնդիրը։ Նրանք բոլորն էլ հմայիչ են, խնամված, բարձրագույն կրթությամբ, իրենց գործում կայացած լավ մասնագետներ՝ բարձ աշխատավարձով։ Բայց կա մի բայց։ Նրանք բոլորը միայնակ են։

Իսկ գիտեք ինչո՞ւ։ Որովհետև տղա չկա, լուրջ եմ ասում, չկա։

Իրենց հասակակից տղաները հիմնականում արդեն ամուսնացած են։ Այսպես ասած՝ «ձագ վախտով տարել են», մինչև այս աղջիկները զբաղված էին կրթությամբ և կարիերայով։

Ամուսնացածներին հետևում են բաժանվածները․ այս խմբի տղամարդիկ կամ չեն ուզում երկրորդ անգամ ամուսնանալ, կամ էլ ընտանեկան անհաջող փորձից ելնելով՝ գերադասում են շատ երիտասարդ աղջիկների հետ ամուսնանալ, որ իրենց սրտի ուզածով դաստիարակեն ընտանեկան դարբնոցում։ Կարճ ասած՝ զահլա չունեն կայացած կնոջ հետ ինչ-որ ընդհանուր հայտարարների գալ, միմյանց «տառականներին» ծանոթանալ, հանդուրժել այդ «տառականներին»։ Հանուն արդարության նշեմ, որ կան նաև տղամարդիկ, որոնց գրավում են կայացած կանանք, բայց տոկոսային առումով նրանք շատ քիչ են։

Հաջորդ խումբը միջին տարիքի, չամուսնացած «քյարթուներն են»: Կրթական տարբեր ցենզերի պատճառով այս աղջիկները չեն կարող ամուսնանալ նաև այս խմբի տղամարդկանց հետ, որովհետև հասկանալի պատճառներով «լավ տղու կնիկը չպըտի աշխատի, պըտի նստի տունը երեխա պահի» պայծառ հեռանկարը այս կանանց չի գայթակղում: Հա, ու նենց չի, որ «քյառթուներն» էլ մեռնում են այս աղջիկների հետ ամուսնանալու համար, քանի որ նրանք բոլորովին չեն համապատասխանում իրենց կնոջ իդեալին։

Չամուսնացած, կայացած, կրթական բարձ ցենզով տղամարդիկ էլ միջին տարիքում չեն ուզում մտնել ընտանեկան լծի տակ, պատրաստվում են վայելել կյանքի հաճույքները տենց մինչև 38-40 տարեկան։ Քանի որ ի տարբերություն կանանց՝ իրենք չունեն ռեպրոդուկտիվ տարիքի խնդիր, բիոլոգիական ժամացույցը չի տկտկում ու ցանկացած տարիքի «հրաշք բալիկ» կարող են ունենալ։

Ու ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ մշակութային մեծ կապիտալ կուտակած, կայացած, ինտելեկտուալ պոտենցիալով կանանց մի խումբ դուրս է մնում գենոֆոնդի կայացման գործընթացից:

Նրանց մնում է երեք տարբերակ

1. Մնալ միայնակ

2. Արտագաղթել

3. Երեխա ունենալ և դառնալ միայնակ մայր։

Այ հենց այստեղ լուրջ անելիք ունենք մենք իբրև հասարակություն։ Մենք պետք է օգնենք ու դադարենք քննադատել մայրանալ ցանկացող միայնակ կանանց։ Օգնելը շատ հեշտ է, մեզնից ընդամենը պահանջվում է չբամբասել, չքարկոծել նրանց, չպիտակավորել այդ երեխաներին իբրև բաստարդների և չինքնահաստատվել այն կանանց հաշվին, որոնք չեն գտել իրենց տղամարդուն, բայց ուզում են մայրանալ։

Հայաստանը կանգնած է լրաջագույն դեմոգրաֆիական խնդրի առջև. բազմաթիվ զոհեր, վիրավորներ, հետպատերազմական ծանր վիճակ։ Եկեք հիշենք այս ամենը ու փոխենք մեր անցած դարում մնացած կարծրատիպերը, որոնք այս պահին խանգարում են մեզ իբրև հասարակություն։

ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Comment here