ԳլխավորԼուր

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է

Այսօր՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպական միության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, տեղի ունեցավ համաժողով՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին:

2000 թ.-ից ի վեր ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը նշում է որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր։ Այդ օրը ողջ աշխարհում մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավը, որն ամփոփվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։ Այս տարի քարոզարշավն անցկացվելու է «Միասին վերջ դնենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը» խորագրի ներքո:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը։

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրեց, որ գենդերային բռնության ձևերն ավելի ու ավելի են շատանում՝ տարբերակվելով ֆիզիկականի, սեռականի, հոգեբանականի, տնտեսականի, բայց նաև կանանց ու աղջիկների թրաֆիքինգի, կամ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման, կամ միջազգային կոնֆլիկտների կամ հակամարտությունների անհամաչափ, առավել դաժան ազդեցությամբ՝ կանանց ու աղջիկների նկատմամբ։

Պաշտպանի խոսքով՝ գենդերային բռնությունն այնպիսի երևույթ չէ, որի դեմ պետք է պայքարեն միայն ոստիկանությունը, միայն իրավապահ համակարգը, միայն ՄԻՊ-ը։ Պետք է համատեղվեն հասարակության բոլոր անդամների, բոլոր պատասխանատու անդամների ջանքերը։

Համաժողովին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, ԵՄ, ԱՄՆ դեսպանատների դիվանագիտական ներկայացուցիչներ։

Համաժողովի ավարտին տեղի ունեցավ քննարկում, հարց ու պատասխան մասնակիցների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև առաջարկությունների հավաքագրում։ Միջոցառումը եզրափակեց «Մուղդուսյան արվեստի կենտրոնի» «Նաիրյան» վոկալ անսամբլը՝ ներկայացնելով «Հանդիպում 100 տարի անց» բեմականացումը։ Այն նվիրված է անվանի կանանց, որոնք մեծ ներդրում են ունեցել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում և պետության կայացման գործում։

Համաժողովն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Տեղեկանք

2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ընտանեկան բռնության հարցերով 105 դիմում-բողոք։ Ընտանեկան բռնության ենթարկված անձանցից 88-ը եղել են իգական սեռի, 20-ը՝ արական, 8-ի դեպքում տվյալները չեն ներկայացվել, 10-ի դեպքում տվյալներն ամբողջական չեն։ 28 դիմում-բողոքների դեպքերով ընտանեկան բռնության են ենթարկվել երեխաներ։

Ընտանեկան բռնություն գործադրած անձանցից 85-ն արական սեռի են, 21-ը՝ իգական, 9-ի դեպքում տվյալներ չեն ներկայացվել, 2-ի դեպքում տվյալներն ամբողջական չեն։Ստացված դիմում-բողոքներից արձանագրվել է 5 դեպք, որոնցով ընտանեկան բռնության են ենթարկվել խոցելի վիճակում գտնվող անձինք, 6-ի դեպքում ընտանեկան բռնության ենթարկող անձինք ունեցել են հոգեկան առողջական խնդիրներ։

Ընտանեկան բռնության դեպքերից ամենաշատը տղամարդու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնության դեպքերն են՝ 43։ Ծնողի կողմից զավակի նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի թիվը 35 է, նախկին ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 15։