ԳլխավորՄարս VS Վեներա

Արձակուրդների ու սիրո մասին. Անդրե Մորուա

Ծովափ, կին, տղամարդ

Սերը, իսկ դրա տակ ես հասկանում եմ իսկական զգացմունքը, և ոչ թե պարզապես վաղանցիկ հակումը. վեհ սերն ազատ ժամանակ է պահանջում։ Հասարակության հարուստ և անբան խավերում, ասենք Վերսալյան արքունիքում կամ մեզ ավելի մոտիկ՝ Պրուստի վեպերի ազնվակիրթ մանրաշխարհում, ազատ ժամանակի պակաս չի եղել, և սերն այնտեղ ծաղկել է կլոր տարին։ Բայց երկու համաշխարհային պատերազմներ ապրած աշխարհում, որտեղ սոսկ իր և իր մերձավորների գոյությունը պաշտպանելու համար, մարդ ստիպված է աշխատել առավոտից գիշեր, անշտապ ու հուզիչ սիրավեպերի ժամանակ չկա։

Ինչ եք կարծում, արդյոք Փարիզում կամ այլ քաղաքներում, ընտանիքավոր շա՞տ մարդիկ են ծանր օրվանից հետո տուն վերադառնալով, տրամադրված սիրային զրույցների։ Արդյոք շա՞տ տղամարդիկ են այնքան տիրապետում իրենց, որ Բուրժեի կամ Մոպասանի հերոսների պես իրենց թույլ տան սիրուհիների հետ հանդիպելու գնալ երեկոյան ժամը հինգի և յոթի միջև…

…Տարվա տասնմեկ ամիսը երիտասարդը, որն ապրում է, ասենք, Բելակում, տեսնվում է միայն բելակցի աղջիկների հետ։ Տղան մանկուց ճանաչում է նրանց. թերևս, նրանց մեջ գտնվի նրա երազած կինը։ Այդ դեպքում ամեն ինչ լավ է այդ ամենալավ քաղաքում։ Բայց ավելի հաճախ դա տեղի չի ունենում։ Իսկ ահա արձակուրդը նրան թույլ է տալիս ծանոթություն հաստատել Ֆրանսիայի երեսունվեց հազար կոմունաներից եկած թեկուզ բոլոր աղջիկների հետ, և դա ռոմանտիկ սիրո համար ամենաբարենպաստ հանգամանքներում, երբ նրա տրամադրության տակ անսահմանափակ ազատ ժամանակ կա անշտապ խոստովանությունների համար և հաճելի միայնության հնարավորություն՝ երկուսով զբոսնելու ժամերին։ Դոն Ժուանի համար արձակուրդը «որսի» սկիզբն է՝ դոննա Աննան միայնակ արևավառ է լինում ավազոտ լողափին, մինչդեռ Կոմանդորը մանր ծովախեցգետիններ է որսում կամ սնանկանում բակարա խաղալով։ Իր կնոջը սիրահարված նորապսակ ամուսնու համար արձակուրդը բաղձալի ժամանակ է, երբ կարելի է իսկապես ճանաչել նրան։

Ամուսիններն արձակուրդը անցկացնելու երկու հնարավորություն ունեն՝ միասին և առանձին-առանձին։ Միասին արձակուրդ անցկացնելը երջանիկ զույգի համար երազանքի գագաթնակետն է։ Վերջապես կարելի է մի կուշտ նայել միմյանց, բացահայտել մերձավոր մարդու իսկական պատկերը, որն առաջ ծածկված էր հոգսերով ու հոգնածությամբ։ Իսկ գլխավորը նոր երիզումն է, որը շրջապատում է սերն էկզոտիկայի լուսապսակով։ Երջանիկ է նա, ով կարող է իր կնոջն առաջարկել երկու հրաշալի շաբաթ անցկացնել երաժշտության ու պոեզիայի փառատոնում. նա իր օգտին կդարձնի կյանքի հանդեպ Մոցարտի կամ Մյուսեի հարուցած հաճելի հույզերը։ Բայց բավական է նաև միայն բնությունը։ Օվկիանոսն ամենալավ բարեկամն է։ Իսկ մարգագետինների ու դաշտերի անխռով անդորրն ու գեղեցկությունն ամուսնական սերը կվերածեն հովվերգության։ «Խոտի վրա մի զույգ է պառկած, նրանց հետևում է արևը»… Բնության գրկում քաղաքացիները վերստին հաղորդակցվում են հողագնդի և իրենց իսկ սեփական ջահելությանը։

Աղջիկն ու տղան անտառում

Արձակուրդը պետք է առանձին անցկացնել լոկ այն դեպքում, երբ այդ անհրաժեշտ է ի շահ երեխաների կամ ամուսիններից մեկի առողջության։ Անտարակույս, կան համերաշխ, սիրող զույգեր, որոնք չեն սարսափում անջատ լինելուց։ Այս դեպքում արձակուրդների ժամանակ սիրտը բնավ էլ թափուր սիրտ չէ։ Երկուսն էլ այնքան շատ են սիրում իրար, որ չեն կարող անձնատուր լինել անցողիկ գայթակղություններին։ Եվ այդուհանդերձ չի կարելի մոռանալ, որ գայթակղություններն անխուսափելի են ու վտանգավոր։ Արձակուրդը միայնակ անցկացնող և ամուրիների նկրտումների կամ ամուսնացած տղամարդկանց որսագողության առարկա դարձած գեղեցիկ կնոջ համար անհամեմատ ավելի դժվար է զգուշանալ ծովամերձ մի առողջավայրում, քան իրենց տանն այն փոքրիկ քաղաքում, որտեղ նրա յուրաքանչյուր քայլին հետևում են ընտանիքի անդամներն ու փակ լուսամուտափեղկերի ետևում դարանակալած բամբասասեր կանայք։

Հանգստավայրում էլ բավականաչափ բամբասասերներ կան, և նրանք էլ քնած չեն. ամեն մի սկանդալ սփոփանք է նրանց համար ծերության մեջ։ Բայց չէ որ դրանք անծանոթ կանայք են։ Եվ նրանց ասեկոսեները քչերին են հուզում։ Այսպիսով, հասարակական կարծիքի արգելակն առողջարանում այնքան էլ արդյունավետ չէ։ Ընդ որում՝ միայնությունն անբնական վիճակ է, և ձանձրույթն սկսում է կավատի դեր խաղալ։ «Առողջարանային փոքրիկ քաղաքի անտանելի ձանձրույթի հետ մեզ կարող է հաշտեցնել միայն սիրային ինտրիգը»,-ասում էր Գյոթեն։ Դե, իսկ սիրային ինտրիգն արագորեն դառնում է սեր, եթե մարդիկ տեսնվում են առավոտից երեկո։

Այնպես որ, կարճատև բաժանումը, որն իր հմայքն ունի, հղի է վտանգներով։ Եթե դեռևս արձակուրդից առաջ ամուսնությունը բավական շատ է խարխլված եղել, այդ վտանգն առանձնահատուկ կարևորություն չունի։ Իսկ եթե ամուսնությունը եղել է երջանիկ, ամառային դիպվածը միանգամայն ցավալի խոչընդոտ կլինի ամուսինների հարաբերություններում։ Սիրո մեջ առաջին վթարի արժեքը փողով չի չափվում, այն երջանկության գնով է հատուցվում։ Միջոցներից մեկը չանջատվելն է և անջատման դեպքում կապ պահպանելը երկար ու քնքուշ նամակներով՝ դրանք ուղարկելով ամեն օր։

Ինձ կասեն, թե հիմա ընդհանրապես սկսել են անհամեմատ ուշ-ուշ գրել, իսկ գլխավորը՝ քչացել է սիրային ուղերձների թիվը։ Ես դրանում համոզված չեմ։ Իսկ եթե դա այդպես է, ապա շատ ցավալի է։ Նամակում կարելի է այնքան հրաշալի ու քնքուշ զգացմունքներ դրսևորել, որոնք ամոթխածությունը խանգարում է արտահայտել, երբ սիրո առարկան կողքիդ է։ Նամակները նաև թույլ են տալիս բացատրվել առանց գժտության։ «Բայց դրա փոխարեն առանց հաշտվելու»,-ասում է ինձ մի երիտասարդ կին, որն ուսիս վրայով կռացած կարդում է այս տողերը։ Բայց ինչու՞։ Հաշտությունը կկայանա հանդիպման ժամանակ։ «Նամակագրության հմայքը գրողի հնարքն է»,-պնդում է նա։ Ես այդպես չեմ մտածում։ Բոլոր սիրային նամակները շատ գեղեցիկ են այն տղամարդկանց կամ կանանց աչքում, որոնց դրանք հասցեագրված են։ Դրանց ոճը՝ այն մարդն է, որին սիրում ես, guerida։

Անդրե Մորուա, «Նամակներ անծանոթուհուն»

Comment here