ԳլխավորԼուր

Մայրության և գեղեցկության, Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է

Մարիամ Աստվածածին, մայրը երեխաների հետ

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, տեղեկանում ենք qahana.am-ից։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օրը հռչակել է որպես Մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր, այսօր նա նաեւ տոնական օրվա առիթով ուղերձ է հղել։

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: …Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. 1:38): Սա է ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

Մայրության և գեղեցկության տոնը 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվել է ազգային տոնացույցում։