Ավելի լուրջԳլխավորԽոսքՀայաստանս

Իսկ լուսաբացն ուշանում է

Անի Ռափյան, աշուն

Դեռ ձմեռը չէր եկել, դեռ ամենասիրուն աշունն էր, որի կողքով օրերով անտարբեր էի անցել՝ ուսերիս շալակած մտքերիս ծանրությունն ու աչքերումս պահած մաս առ մաս, անուն առ անուն կորսվող հայրենիքս։

Ձմեռ չէր եկել, Երևանում եղանակը ջերմ էր, արև էր, բայց դե ես վերջին տարիներին ինչ-որ շատ մրսկան եմ դարձել, ինչ-որ սկսել եմ ոչ թե քայլել, այլ շտապել անցնել ճանապարհը։

Աշուն էր դեռ, իմ ամենասիրելին եղանակներից, իսկ երևակայությանս շղթան արդեն հայրենի երկրիս ցուրտ սահմաններն էր կադրավորում, ու այդ «ֆիլմում» դիրքերն էին, զինվորները, Ջերմուկի՝ անգամ ամռանը քամու ուժգնությունից գրեթե պոկվող վրանները, արևելյան ուղղութունը պահող տղաների դեմքերը, որոնցից մեկի սառած ձեռքերը բռնեցի, իսկ օրեր անց նա զոհվեց թշնամու գնդակից․․․

Բազմագույն էր աշունը՝ դեղին, կանաչ, կարմիր՝ մտքերիս նման, ու այդ օրը, երբ դեռ ձմեռ չէր, ես հանեցի ակնոցս ու նայեցի ուղիղ աշնան աչքերին, ու ներսս տաքություն լցվեց, ու քայլերս անսովոր դանդաղ դարձան, ու խաղաղություն զգացի՝ տաք, դանդաղ, պարզ, ներդաշնակ մի բան, որը ժպիտ բերեց ինձ, ու ես մի պահ դադարեցի լինել չավարտվող պատերազմի մեջ ապրող երկրի քաղաքացի։ Որսացի էդ պահը, ամուր պահեցի ներսումս ու նկատեցի, որ շուրջս գեղեցիկ է, դեռ աշուն է, ու որոշեցի ոչ թե գնալ, անցնել ճանապարհը, այլ քայլել, զգալ, խոսել՝ իմ ներսում, բայց բնության հետ, Աստծո հետ։

Կինը եկեղեցում

Եկեղեցում երկար նստեցի, կիսեցի մտքերս Նրա հետ, ում հետ միայն կարելի է կիսել ամենա՜ն․․․ Ու հանկարծ տեսա մի կնոջ՝ եկեղեցու նվիրյալներից գուցե, որը խոնավ շորով աթոռներն էր մաքրում։ Րոպեներ նայում էի նրան, ու միտքս նրա մեջ գտնում էր բազում հարցերիս պատասխանները։ Կնոջ դեմքը խաղաղ էր, գործողությունները՝ անշտապ, ձեռքի կտորը մաքրում էր աթոռներն ամեն կողմից՝ երեսը, տակը, կողքերը, խորշերը՝ հատ առ հատ։ Նրա գործն ընդամենը մաքրությունն էր՝ մի սուրբ վայրում, որին նվիրված էր, ու նա այդ իր գործն անում էր ամենայն ազնվությամբ, չքողարկելով, չխաբելով, հասկանո՞ւմ եք, նա իրեն վստահած, իր ստանձնած գործն անում էր սիրով, մեծ սիրով, նվիրվածությամբ ու հավատով․․․

Աշունն անցել է, ձմեռ է՝ զարմանալիորեն անձյուն, ու միտքս կրկին նույն «ֆիլմի» առանցքի շուրջ է, վերջին մեկ ամսում՝ հատկապես Արցախի իմ հայրենակիցների, անճամփա մնացած իմ հարազատ մարդկանց․․․ լավ է, որ ձյուն չի գալիս, թեև գուցե ձյունն ինչ-որ չափով նաև ի օգուտ մե՞զ լիներ, բացի այդ՝ ջրի պաշարնե՞րը, իսկ սառը եղանա՞կը․․․ չգիտեմ։ Ինչո՞ւ ենք ապրում չվերջացող այս խավարում, ինչո՞ւ է լուսաբացն այսքան ուշանում․․․ Այս մտքերի արանքում վերջերս հաճախ աշնանային իմ արթնացման օրվա կինն է․․․ Նրա հավատը, ազնվությունը, սերն ու անխոս նվիրումը՝ իր գործին, մյուսներին ու․․․ ՏԱՃԱՐԻՆ։

ԱՆԻ ՌԱՓՅԱՆ