ԳլխավորԼուր

Կրթության մշակների օրհնության կարգ՝ Մայր աթոռում

Կաթողիկոս Գարեգին 2-րդ

Օգոստոսի 30-ին` 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին:

Արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ՀՀ մի շարք դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:

Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ այսօր նրանց համար հավատքի վերանորոգության օր է։

«Աստվածահաճո և գովարժան է ձեր աշխատանքը, սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի սիրելի մշակներ, քանզի հակառակ ժամանակի բազում խոչընդոտներին և դժվարություններին՝ անմնացորդ սիրով և անօրինակ նվիրումով շարունակում եք մեսրոպաշունչ ձեր առաքելությունը՝ հավատալով գիտելիքի ուժին, աշխարհը վերափոխող ու գեղեցկացնող կրթյալ, բանիմաց և առաքինի անհատների պատրաստության կարևորությանը»,–ասաց Ամենայն Հայոց Հովվապետը՝ հորդորելով կրթության մշակներին ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ շարունակել իրենց առաքելությունը, ներշնչող և խանդավառող օրինակ լինել սաների համար և հայորդիների մեջ սերմանել սեր միմյանց հանդեպ, բարու և արդարության հանդեպ, կրթել աստվածպաշտության և հայրենասիրության ոգով։

Արարողության ավարտից հետո ի պատիվ հրավիրյալների տեղի ունեցավ ընդունելություն: