ԳլխավորԼուր

Ծաղկազարդ է ու մանուկների օրհնության օր

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա։

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Comment here