ԳլխավորԼուր

Հայաստանում բարձրագույն կրթության որակը կհամապատասխանեցվի եվրոպականին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիայի (ENQA) նախագահ Դանիելա Քրիստինա Գիցուլիկային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիայի (ENQA) նախագահ Դանիելա Քրիստինա Գիցուլիկային, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո իրականացվող փոփոխություններին, «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքին, բուհերի կրթական ծրագրերի պետական հավատարմագրմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխմանը։

Դանիելա Քրիստինա Գիցուլիկան ներկայացրել է ENQA-ի գործունեության հիմնական ուղղությունները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման համակարգերի զարգացման արդի միտումներն ու մարտահրավերները՝ կարևորելով ազգային կառույցների միջև փորձի փոխանակումը, մասնագիտական կարողությունների զարգացումը և եվրոպական չափանիշների կիրառման ուղղությամբ գործընկերության ամրապնդումը։

Քննարկվել են նաև Հայաստանում որակի ապահովման բարեփոխումները՝ այս գործընթացում կարևորելով եվրոպական փորձագետների ներգրավման և համատեղ հավատարմագրման փորձի հնարավորությունը։ Նշվել է, որ Հայաստանում  վերանայվում է որակի ապահովման ազգային շրջանակը՝ այն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին (ESG – Standards and Guidelines for Quality Assurance in the European Higher Education Area) համապատասխանեցնելու նպատակով։ ՈԱԱԿ-ն արդեն կիրառում է եվրոպական գործընկերների հետ համատեղ հավատարմագրման (joint accreditation) մոդելը։

Քննարկման ընթացքում կարևորվել է նաև որակի ապահովման գործընթացներում ուսանողների, շրջանավարտների և գործատուների մասնակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ուսանողների ներգրավումը արտաքին գնահատումներում, շրջանավարտների հետ հետադարձ կապը, ինչպես նաև կրթական ծրագրերի գնահատման  մեջ աշխատաշուկայի պահանջների ներառումը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews