ԳլխավորԿրթություն

Բարձրագույն կրթություն. միջո՞ց, թե՞ նպատակ. Մեսրոպ Հարությունյան

Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը «Անալիտիկոն»-ում անդրդարձել է պետական պատվերով եւ վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալու հետ կապված մի քանի խնդիրների։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, անդրադարձել է անվճար բուհական կրթության ծրագրին և նշել, որ «…. պետական հավատարմագրված բուհերի բակալավրի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգի բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով»: Սա, ըստ էության, ամբողջական պետպատվերի համակարգ է ենթադրում: Հայաստանում գործում է խիստ մասնակի պետպատվերի համակարգը. այսինքն՝ պետությունը յուրաքանչյուր բուհի յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանում է սահմանափակ թվով անվճար տեղեր: Ի դեպ, պետությունն է սահմանում նաև վճարովի տեղերի քանակը (սրան առանձին կանդրադառնանք):

Սակայն ի՞նչ է այդ պետպատվերի համակարգը, և ո՞րն է գործող համակարգի թերությունը: Եթե պետությունը որևէ մասնագիտության պետպատվերի տեղ է իջեցնում բուհին, նշանակում է, նա պետք է հաշվարկած լինի, որ իրեն 4 տարի հետո հենց այդքան մասնագետ է պետք լինելու: Կրկնենք՝ պետությանը և ոչ թե աշխատաշուկային ընդհանրապես: Ուզում ենք ասել` եթե պետությունը ներդրում է անում, պետք է ստանա փոխհատուցում՝ այդ կադրին աշխատանքով ապահովելու և նրա աշխատանքից օգուտ ստանալու իմաստով: Այլապես, ի՞նչ իմաստ ունի այդ ներդրումը:

Որպես օրինակ հիշենք խորհրդային մոդելը. բուհ ավարտող յուրաքանչյուր ոք ստանում էր նշանակում, այսինքն՝ ապահովվում էր աշխատանքով և պարտավոր էր առնվազն երեք տարի աշխատել այդտեղ: Ես չեմ ասում, սա լավ էր, թե վատ: Բայց ամբողջական փակ ցիկլ էր. բուհ-մասնագետ-աշխատատեղ:

Բայց հիմա երբևէ եղե՞լ է Հայաստանում, որ պետությունը աշխատանքի տեղավորի պետպատվերով (այսինքն՝ պետական ներդրման հաշվին) սովորած և բուհն ավարտած մասնագետին, կամ գոնե հետաքրքրվի, թե պետպատվերով մասնագիտություն ձեռք բերած տնտեսագետը, ինժեները, գյուղատնտեսը աշխատանքի անցա՞վ իր մասնագիտությամբ, թե՞ ոչ: Այսինքն՝ իր ներդրումը արդյունք ունեցա՞վ, թե ոչ: Չի եղել: Դա նույնն է, որ (հազար ներողություն համեմատության համար) պետությունը փող հատկացնի, ասենք, 100 կիլոմետր ճանապարհ կառուցելու, բայց հետո չհետևի, թե այդ ճանապարհը ինչ որակի է, ապա և՝ շահագործվո՞ւմ է, թե՞ ոչ, դրանով մեքենա երթևեկո՞ւմ է…

Այսինքն, իջեցնելով պետպատվեր, պետությունը պետք է նաև հետևի այդ պետպատվերի կատարմանն ու նրա արդյունավետ օգտագործմանը: Այս իմաստով ողջունելի է ԱՀ նախագահի առաջարկած այն տարբերակը, ըստ որի՝ Հայաստանի բուհերում սովորող արցախցի պատանինների ուսման վարձը նույնպես կփոխհատուցվի, պայմանով, որ նրանց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ ուսումն ավարտելուց հետո Արցախ վերադառնալու և տեղում որոշակի ժամանակահատված պարտադիր աշխատելու մասին: Իհարկե, այստեղ էլ հարց կառաջանա. իսկ եթե վերադառնա՝ ո՞վ է շրջանավարտին ապահովելու աշխատանքով՝ պետությո՞ւնը, թե՞ նա ինքնուրույն պիտի փնտրի:

Ի տարբերություն պետպատվերի համակարգի, վճարովի համակարգը ենթադրում է, որ ներդրում կատարողը ուսանողն ինքն է, ավելի ստույգ՝ իր ընտանիքը: Այսինքն՝ ապագայում աշխատանք գտնելու ռիսկը ամբողջովին ներդրողինն է: Մի վերապահումով միայն. դարձյալ եթե պետությունը որոշակի վճարովի տեղեր է իջեցնում բուհերին, պետք է հաշվարկած լինի, թե արդյո՞ք աշխատաշուկան չորս տարի հետո ունենալու է տվյալ մասնագիտության այդքան մասնագետի կարիք: Եթե նման հաշվարկ չի կատարվում, ստացվում է, որ կրթությունը դառնում է ընդամենը ինքնանպատակ: Բուհը ապահովում է եկամուտներ՝ վարձավճարների հաշվին, ուսանողի նպատակն էլ (կարծում եմ՝ մեծամասամբ) դառնում է դիպլոմ ստանալը: Այսինքն, բարձրագույն կրթությունը, ավելի ճիշտ՝ բուհի դիպլոմ ստանալը դառնում է ընդամենը նպատակ: Իսկ կրթությունը միշտ չէ, որ դառնում է հետագայում աշխատանք գտնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոց:
Ի դեպ, «էրեխես անպայման բարձրագույն պիտի ավարտի» մոլուցքը Հայաստանում նոր չէ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here