ԳլխավորԼուր

Ահռելի բեռ` նոր կոմիտեի ուսերին. կոռուպցիոն ռիսկերն անխուսափելի կլինեն

Ատոմ Մխիթարյան

Կառավարությունը նախատեսում է ստեղծել նոր ֆունկցիոնալ մի կառույց՝ Բարձրագույն կրթության և գիտության (ԲԿԳ) կոմիտե, որն իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը. մասնագետներից ոմանք ահազանգում են, որ այդ կառույցը արդյունավետ լինել չի կարող, քանի որ դրա վրա միանգամից ահռելի բեռ է դրվում:

Կառավարությունն օրեր առաջ  հավանության արժանացրեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: Նոր մարմինը կստեղծվի գիտության և բարձրագույն որակավորման կոմիտեների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիման վրա: Այն կգործի ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով` մեկ մարմինը չի կարող մշակել համապատասխան քաղաքականություն և վերահսկել մի ամբողջ գործընթաց` սկսած  բուհի ընդունելությունից մինչև ատենախոսության պաշտպանություն. «Նախաձեռնությունը կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում: Այդ ամբողջ գործընթացն ընդամենը մեկ մարմնի թողնելու, ամեն ինչ մեկտեղ կենտրոնացնելու  հետևանքով վերանալու են լուրջ հակակշիռներ»,- ասաց նա Usanogh.am-ի հետ զրույցում:

Փորձագետի համոզմամբ` կարելի էր ստեղծել առանձին` Բարձրագույն կրթության և գիտության նախարարություն, որը կլիներ ԿԳՄՍ նախարարությունից զատ. «Տարբեր երկրներում կա նման փորձ: Հայաստանում էլ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին եղել է նման նախարարություն` Լուսավորության նախարարությունից զատ: Կարելի էր այդ փորձին վերադառնալ: Այդպիսով հնարավոր կլիներ թեթևացնել մեկ մարմնի վրա ընկնող հսկայական բեռը: Այդ դեպքում կառույցն էլ ԿԳՄՍ-ի ենթակայության ներքո չէր գործի, այլ միանգամից կառավարության, և այն կաշխատեր առանց միջնորդների, դրա ղեկավարը կառավարության անդամ կլիներ և կենթարկվեր ոչ թե ԿԳՄՍ նախարարին, այլ միանգամից կառավարությանը»:

Նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: