ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում ամփոփվել է համադպրոցական գիտության 4-րդ փառատոնը

«Համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի ամփոփիչ փուլը ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Համադպրոցական գիտության փառատոն 2024» միջոցառման ամփոփիչ փուլը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոքր հողմային էլեկտրակայանից մինչև «խելացի» աղբամաններ, արբանյակների հետազոտումից մինչև այլընտրանքային էներգիայի ստացում, Երևանի հին ու նոր պատմություններից մինչև Գրիգոր Զոհրապի նովելների բեմականացում․ փառատոնում ներկայացվել է շուրջ 80 հետազոտական աշխատանք՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում։

Այս տարի համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպչական նորությունն այն է, որ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս մասնակցում են նախագծերի գնահատմանը՝ հանդես գալով գիտական կազմակերպությունների ներգրավմամբ ստեղծված հանձնաժողովում։ «Շատ կարևոր է, որ սովորողները գնահատեն սովորողներին։ Դա հանրակրթության նոր չափորոշչի գնահատման մեթոդաբանություններից մեկն է, երբ աշակերտը սովորում է գնահատել իր հասակակցի աշխատանքը»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ փառատոնը կարևոր է նաև միջազգային հարթակներում աշակերտների մասնակցությունը խրախուսելու առումով։

Հանձնաժողովի անդամներից Գոռ Մարգարյանի /ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ/ գնահատմամբ՝ փառատոնը շատ հաջողված է և կամրջում է կրթությունն ու գիտությունը՝ ապագայում բուհերում ապահովելով լավ ուսանողների ու հետազոտողների։ Նա ընդգծել է հասարակագիտության և բնագիտության համադրումը փառատոնի ընթացքում․ «Աշակերտները Գրիգոր Զոհրապի նովելների նկարները ստանալու համար օգտագործել էին արհեստական բանականություն, ինչը երկու ուղղությունների միջև ապահովել էր հրաշալի համագործակցություն»։

Նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս շատ ոգևորված էին իրենց նոր պարտականությամբ։ Նրանց հավաստիացմամբ՝ որպես հանձնաժողովի անդամ՝ գնահատելիս առաջնորդվել են անաչառությամբ, ներկայացված գաղափարի նորարարությամբ ու պետության խնդիրների լուծման համար կիրառելիությամբ։

Մասնագիտական հանձնաժողովի գնահատման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում։ Հայկական համադպրոցական գիտության 4-րդ փառատոնի եզրափակիչ փուլում ՀՀ 30 ուսումնական հաստատությունների անհատական կամ հետազոտական խմբերը ներկայացրել են ուսումնական տարվա ընթացքում գիտական ղեկավարի աջակցությամբ իրականացրած և իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերի արդյունքները։

Գնահատող հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի նախագծերը կներկայացվեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (Los Angeles Convention Center) կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2024)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։

«Համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի ամփոփիչ փուլը ԵՊՀ-ում Ժաննա Անդրեասյանը «Համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի ամփոփիչ փուլում «Համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի ամփոփիչ փուլը ԵՊՀ-ում «Համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի ամփոփիչ փուլը ԵՊՀ-ում «Համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի ամփոփիչ փուլը ԵՊՀ-ում